ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2018
Ընդլայնվում է «Պատանի բնասեր» ակումբի կազմը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախաձեռնությամբ նոր դպրոցներ են ընդգրկվել  «Պատանի բնասեր» ակումբի կազմում։   Էկոկրթության բաժինը Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի, Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 և Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցների շուրջ  120  աշակերտների համար անց է կացրել բաց դաս բնապահպանական  թեմաներով` օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները, ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ պահպանությունը, կլիմայական փոփոխությունները և դրանց վրա ազդող գործոնները, կենսաբազմազանության պահպանության խնդիրները՝ մասնավորապես կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բույսերի և կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն։ Ողջունելով աշակերտներին՝ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության և էկոկրթության բաժնի պետ Անահիտ Մուրադյանը  տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ ստեղծված  «Պատանի բնասեր» ակումբի մասին։ Տիկին Մուրադյանը կարևորել է ակումբի շրջանակների ընդլայնումը և նշել, որ դա շարունակական գործընթաց է, որի նպատակն է զարգացնել մատաղ սերնդի էկոլոգիական գիտելիքները ու ձևավորել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։ Բանախոսը տեղեկացրել է, որ «Պատանի բնասեր» ակումբի գործընթացների շրջանակներում առաջիկայում անցկացվելու են «Կանաչ դասեր» բնության գրկում` «Սևան» և «Դիլիջան»  ազգային պարկերի, «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի տարածքներում, որոնք կնպաստեն բնության հետ աշակերտների անմիջական շփմանը և կամրապնդեն աշակերտների գիտելիքները: Այնուհետև կանցկացվեն բնապահպանական թեմաներով շարադրությունների, լուսանկարների մրցույթներ, կկազմակերպվեն մրցույթ վիկտորինաներ։  Մեծ է եղել  աշակերտների հետաքրքրությունը և ակտիվությունը դասընթացների նկատմամբ: Նրանք ակտիվ մասնակցել են դասընթացներին` տվել հարցեր և պատասխանել հնչած հարցերին: Հատկապես նրանց ոգևորել էր Բնության հատուկ պահպանվող տարածքներում դասընթացներ անցկացնելու գաղափարը։ Ուսուցիչները դրական են  գնահատել միջոցառումը և խնդրել հնարավորության դեպքում, կրկին կազմակերպել բնապահպանական դասընթացներ, այս անգամ այլ բնապահպանական հիմնախնդիրների շուրջ։