ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2018
ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն արձագանքում է ահազանգին

Արձագանքելով «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանի կողմից համացանցում տարածած տեսանյութին՝ հայտնում ենք, որ ըստ տեսանյութի հեղինակի մեկնաբանության՝ նշված տարածքը Խաչաղբյուր գետի կիրճի աջակողմյան մասն է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության թիվ 1 պահաբաժինը։ Բնապահպանների ահազանգը ստանալուն պես անտառտնտեսության աշխատակիցները եղել են նշված վայրում և թարմ կտրված կոճղ չեն հայտնաբերել։ Նշենք նաև, որ Գոռ Հովհաննիսյանի կողմից տարածված տեսանյութում  հստակ   չի  երևում   այն տեղանքը, որտեղ աշխատում է բենզասղոցը, և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են տեղանքի զննումները։    Հարկ ենք համարում ներկայացնել 2014-2017թթ․ ընթացքում անտառտնտեսության աշխատակիցների կողմից տվյալ պահաբաժնում արձանագրված անտառխախտման դեպքերի մասին տեղեկատվություն։ 2014 թվականի գարնանային ստուգումների ընթացքում անտառխախտման դեպքեր չեն արձանագրվել, իսկ աշնանային ստուգումների ընթացքում հայտաբերվել է 14 ապօրինի հատված ծառ, 2015 թվականի գարնանը՝ 29 ապօրինի ծառ, աշնանային ստուգումների ընթացքում ապօրինի հատված ծառեր չեն հայտաբերվել։ Տեղեկացնենք, որ 2016-2017 թթ․ անտառխախտման արձանագրություններն առգրավված են ՀՔԾ-ի կողմից՝ քննվող քրեական գործով նախաքննական անհրաժեշտությունից ելնելով։ Նշված խախտումները հայտնաբերել են անտառտնտեսության աշխատակիցները, կազմվել են անտառխախտման արձանագրություններ, և նյութերն ուղարկվել են ՀՀ ԲՆ նախկին բնապահպանական տեսչություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով։  Անդրադառնալով վերոնշյալ տեսանյութում և դրան ուղեկցող մեկնաբանության շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունությանը վերաբերող չհիմնավորված որակումներին՝ հայտնում ենք, որ ինչպես «Հայանտառ»-ը, այնպես էլ արդեն ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեն հնարավոր քայլերը ձեռնարկում են ապօրինի ծառահատումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար։ Հայտնում ենք նաև, որ շնորհակալ կլինենք, եթե անտառխախտման ցանկացած դեպք արձանագրելու պարագայում ՀՀ քաղաքացիները զանգահարեն «Հայանտառ»-ի թեժ գծին (Հեռ․010 65 37 17, 010 65 37 16)։