Hayacq.сom կայքը օրերս մի «գերբացահայտում» էր արել, թե իբր «հավաստի տեղեկություններով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ըստ էության, պարզվում է Հեր-Հերի ջրամբարից ստորև գտնվող ամենաարդյունավետ գործող ՓՀԷԿ-երից մեկի սեփականատերն է»: Արել էր այդ «բացահայտումն» ու այդպես էլ ընթերցողին չէր ներկայացրել ասվածը հաստատող որևէ փաստ։ Իսկ չէր ներկայացրել, քանի որ ներկայացնել չէր կարող․ Արծվիկ Մինասյանը քանիցս հայտարարել է, որ ինքը ոչ ուղղակի, ոչ անուղղակի և ոչ էլ փոխկապակցված անձանց միջոցով Հայաստանում գործող կամ կառուցվող որևէ ՀԷԿ-ի գործունեությունից որևէ անձնական, նյութական շահ չունի։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ հրապարակ նետվեց գոյություն չունեցող այս ՀԷԿ-ի պատմությունը։ Փորձենք պարզել։ Խոսելով այն մասին, որ «ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011 թ-ի հունիսի 30-ի N 927 Ն որոշումը փոփոխելու և նոր նորմատիվներ սահմանելու վերաբերյալ», կայքը դժվարանում է քողարկել իր դժգոհությունն այդ որոշման հետ կապված, գրելով՝ «բանն այն է, որ այդ որոշման համաձայն գետերի ջրերի էկոթողքի չափը ավելացվել է՝ այն պարագայում, երբ գետերում ջրերի քանակը տարբեր պաշտոնական տվյալների համաձայն վերջին շրջանում գնալով նվազում է»: Եթե իսկապես վերջին շրջանում գետերում ջրերի քանակը նվազել է, ապա սպասելի է, որ բնապահպանները պիտի մտահոգվեին և առաջարկեին ավելացնել էկոթողքի չափը, և այս քայլի համար կարծես թե ճիշտն այն կլիներ, որ դրվատանքի խոսքեր ասվեին նախարարի հասցեին, ում ջանքերով կատարվել է կառավարության հիշյալ՝ բնության շահերից բխող, փոփոխությունը։ Բայց դա անելու փոխարեն, կայքը որոշում է կեղծ լուրերով հրապարակայնորեն վարկաբեկել նախարարին ու նույն այդ հոդվածում տեղ գտած արտահայտություններով մատնում է վարկաբեկելու իր շարժառիթը։ Իսկ դա, ըստ ամենայնի, հետևյալն է՝ որոշ շրջանակների մտահոգել է կառավարության այդ որոշումը և կայքին «հորդորել են» վարկաբեկել նախարարին։ Այն, որ նյութը գրվել է՝ զլանալով խորամուխ լինել արծարծված թեմայի մեջ, վկայում է հետևյալ փաստը․ կայքը մոգոնել է էկոթողքի մի նոր չափաբաժին, հայտարարելով, թե իբր գետերում սահմանված է «ջրի 33.3% պարտադիր էկոթողք»: Ոլորտի մասնագետները քանի օր է «գլուխ են ջարդում» ու այդպես էլ չեն կարողանում ըմբռնել, թե որտեղի՞ց ծագեց էկոթողքի «հայացքքոմյան» այս նորմը և ինչպե՞ս է հարկավոր այն հաշվարկել ու ապահովել։ Թե՛ վերն ասվածը, թե՛ հիշյալ հոդվածի ոճը դրդում են խորհել պատվերի առկայության մասին, որը փութաջանորեն ձգտել է քողարկել կայքի հոդվածագիրը, սակայն ակնհայտորեն չի հաջողել՝ թեմայի մասին իր մոտ տարրական գիտելիքների բացակայության պատճառով։