ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2018
ՀԷԿ-ը մանր իր չէ, որ հնարավոր լինի թաքցնել գրպանում

Վերջին օրերին լրատվական դաշտում կրկին հարցադրումներ հնչեցին ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի վրա կառուցված ՀԷԿ-երի վերաբերյալ։ Հնչեցնողները կրկին քաղաքացիներ Օ.Ստեփանյանը և Տ․Եղոյանն էին, նրանք թե՛ ասուլիս հրավիրեցին, թե՛ վերջինս հյուրընկալվեց հեռուստածրագրերից մեկին ու իրենց կարծիքով իբր թե ահասարսուռ բացահայտումներ արեցին։ Անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու համար մի քիչ հեռվից գանք։ 2017թ. հուլիսի 11-ին Օ.Ստեփանյանը մի շարք հարցերի հետ կապված նամակով դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին։ Նրան ուղղված պատասխան նամակի մեջ նախարարությունը հայտնել էր, որ Եղեգիս գետի վրա փաստացի շահագործվում են 9 փոքր հիդրոէլեկտրակայան:  Այս նամակն ստանալուց հետո Տ․Եղոյանը մամուլում հանդես եկավ հայտարարությամբ, թե իբր բնապահպանության նախարարությունը թաքցնում է ՀԷԿ-երի թվի հետ կապված իրական պատկերը։ Նրա այդ հայտարարությանը հակադարձեց ու մամուլում պարզաբանումներ ներկայացրեց բնապահպանության նախարարը։ Սակայն դա բավարար չեղավ, որպեսզի Ստեփանյան-Եղոյան զույգը դուրս գա թվային մոլորությունից։ Ավելին, նրանք մամուլի ասուլիս հրավիրեցին՝ նախապես հայտարարելով, թե ապացուցելու են նախարարության ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու փաստը։ Ասուլիսին ներկա գտնվեցին նաև նախարարության աշխատակիցները ու ևս մեկ անգամ պարզաբանեցին, որ կոնկրետ Եղեգիս գետի վրա շահագործվում է 9 ՀԷԿ, ևս 7-ն ունեն կառուցման  թույլտվություն և որ կառուցման թույլտվությունները նախարարության  կողմից չեն տրվում։ Տրամադրվեց աղյուսակ այդ ՀԷԿ-երի վերաբերյալ։ Նաև տեղեկացվեց, որ գործող ՀԷԿ-եր կան նաև Եղեգիսի վտակների վրա, և բոլորը գտնվում են օրինական դաշտում։ Բայց ահա մարտի 26-ին զանգ եղավ նախարարություն և հայտնեցին, որ Տ․Եղոյանը և Օ.Ստեփանյանը կրկին պատրաստվում են ասուլիսի և կրկին մտադիր են մեղադրանքներ հնչեցնել նախարարության հասցեին։ Նախարարության ներկայացուցիչները հեռախոսազանգով փորձեցին պարզել նրանց մտահոգության պատճառը։ Պարզվեց, որ նրանք նույն մոլորության մեջ են մնացել ՀԷԿ-երի թվի հարցում, բացի դա կառուցման թույլտվություն ունեցող երկու ՀԷԿ-երի տարածքում սկսված շինարարական աշխատանքներն ընկալել են որպես նոր ՀԷԿ-երի ապօրինի գործունեություն։  Նախարարության աշխատակիցները համբերատարորեն նրանց պարզաբանեցին, որ նախարարությունը ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն տրամադրելու իրավասություն չունի, որ հիշյալ ասուլիսից հետո ՀԷԿ կառուցելու թույլտվություն չի տրամադրվել որևէ մեկին, որ ամենն օրենքի սահմաններում է, որ Եղեգիսի վրա ոչ թե 19 (ինչպես իրենք են իբր հաշվել), այլ 9 ՀԷԿ է գործում, որ ևս 7-ն ունեն կառուցման թույլտվություն, որ այդ գետի վտակների վրա ևս կան գործող ՀԷԿ-եր, որ նախարարության ներկայացրած թվերն իրականություն են և որ իրենք մոլորության մեջ են։ Ու որպեսզի նախատեսվող ասուլիսի ժամանակ իրենք իրականությանը չհամապատասխանող թվեր  ու փաստեր չհրապարակեն ու չհայտնվեն ծիծաղելի իրավիճակում, նրանց առաջարկվեց հանդիպել ու պարզություն մտցնել ամենի մեջ։ Այդուհանդերձ Տ․Եղոյանը և  Օ.Ստեփանյանը մնացին անսասան իրենց դիրքորոշումներում, հրաժարվեցին հանդիպել և կրկին ասուլիս հրավիրելով՝ բարձրացրեցին նախկին ասուլիսի հարցերը, որոնց վերաբերյալ իրենց հստակ պարզաբանումներ էին տրվել ժամանակին։ Այս նոր ասուլիսի ժամանակ բանախոսները պնդեցին, թե իբր նախարարությունից 12 անգամ զանգել են իրենց, մինչդեռ իրականում եղել է երկուսը։ Թվերի հետ կապված այս շփոթը ինչպես արդեն հստակ է, սովորույթ է Տ․Եղոյանի և  Օ.Ստեփանյանի համար, քանի որ բազմիցս նրանց բացատրվել է, թե  Եղեգիսի ու վտակների վրա որքան գործող ՀԷԿ կա և որքանն ունեն կառուցման թույլտվություն։  Բայց այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ հասու չի դառնում նրանց և ամեն անգամ հայտարարում են, թե իբր հայտնաբերել են թաքցված ՀԷԿ-եր։ Կարծես թե ՀԷԿ-ը մանր իր է, որ կարելի լինի թաքցնել գրպանում։ Իսկ օրերս էլ նույն Տ․Եղոյանը հյուրընկալվելով հեռուստաալիքներից մեկին, թվերի շփոթման հարցում է՛լ ավելի առաջ գնաց ու հայտարարեց, թե իբր նախարարությունը հայտնել է Եղեգիսի վրա գործող ընդամենը 6 ՀԷԿ-ի մասին։ Կարելի՞ էր չէ, հեռուստահարցազրույցի գնալուց առաջ ընթերցել պաշտոնական նամակները, ճշտել թվերը ու չհայտնվել ծիծաղելի իրադրության մեջ։ Ո՞րն է թվային այս աճպարարության նպատակը։ Սա հարց է, որի պատասխանը գտնելը խորհել է պահանջում։ ՀԳ․ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները վերոհիշյալ առաջին ասուլիսի ժամանակ հայտարարել են և հիմա էլ դիրքորոշումը նույնն է՝     ա/ կա՛ մտահոգություն գետերի էկոթողքի չափաքանակի հետ կապված և այդ խնդիրը լուծելու համար նախարարության ջանքերով ընդունվել է կառավարության համապատասխան որոշում, որի կիրառման շնորհիվ կավելանա գետերով հոսող ջրի չափաբաժինը,      բ/ եթե Շատին գյուղն ունի ոգոռման հետ կապված հարցեր, ապա գործող օրենքի համաձայն գյուղի ղեկավարությունը պիտի դիմի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար և այդ հարցը լուծվելու է առաջնահերթ։