ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2018
Արծվիկ Մինասյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Պարտքը՝ բնապահպանության դիմաց» նախաձեռնությանն առնչվող հարցեր

  Մարտի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է ՀԲ պրակտիկայի տնօրեն Մարիա Գոնզալեզ Միրանդան: Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման առանցքում «Պարտքը՝ բնապահպանության  դիմաց» / ՊԲԴ/  նախաձեռնությանն առնչվող հարցերն էին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և ոլորտում շարունակական ծրագրերի իրականացման համար:     Հանդիպմանը քննարկվել են այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նպատակահարմար է մեխանիզմի  իրականացումը: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված  անտառվերականգնման, անտառային տարածքների պահպանության, հողերի դեգրադացիայի և ջրային ռեսուրսների պահպանության խնդիրներին:  Նախարարը կարևորել է սույն նախաձեռնության իրականացումը, ինչը նաև ՀՀ Նախագահի հանձնարարականն է, նշելով փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի պատրաստակամությունը նախաձեռնության լավագույնս իրագործման համար: Դրա  բաց և թափանցիկ իրականացման համար նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ ԲՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով ծրագրերի կառավարման նպատակահարմարությունը, ինչը նաև թույլ  կտա  ՊԲԴ-ի հետ կապված դրամական հոսքերը կառավարել բյուջետային գործընթացի շրջանակում՝ առանց առանձին կառույցի ստեղծման և պետության կողմից լրացուցիչ ծախսերի իրականացման:     ՀԲ պրակտիկայի տնօրեն Մարիա Գոնզալեզ Միրանդան շնորհակալություն հայտնելով հանդիպման  համար՝ ողջունել է նման նախաձեռնությունը և հայտնել ՀԲ-ի կողմից դրա իրականացմանը միտված աջակցության պատրաստակամությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև  ծրագրին առնչվող ինստիտուցիոնալ մեխանիզմներին և տեխնիկական աջակցությանը վերաբերող  հարցեր: