2018թ. մարտի 17-22-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC․ ԿՓՓԽ) 47–րդ նստաշրջանը, որին մասնակցել են շուրջ 110 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, էկոլոգիական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նստաշրջանին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժնի պետ, ԿՓՓԽ ազգային համակարգող Ասյա Մուրադյանը: Նստաշրջանը նվիրված էր Կլիմայի փոփոխության միջկառավարական հարթակի ստեղծման /IPCC/-ի 30-ամյակին, որտեղ ներկայացվել են 30 տարվա ընթացքում հարթակի կողմից կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները։ Քննարկումների ժամանակ կարևորվել է ԿՓՓՄԽ աշխատանքների համապատասխանեցումը կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի ներքո գլոբալ վերլուծության(GST) պահանջներին, ինչպես նաև անդրադարձ է եղել զարգացած երկրների՝ գործընթացներին մասնակցության անհրաժեշտությանը։ Քննարկվել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո իրականացվող գործընթացների հետ համապատասխանեցումը Քննարկումների ընթացքում նշվել են նաև 1988-2018թթ․ ժամանակահատվածում կայացած որոշումները, գիտության և քաղաքականության միջև ընթացող երկխոսությունների արդյունքում արձանագրած ձեռքբերումները և ձախողումները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Մոնրեալի արձանագրության, Փարիզյան համաձայնագրով սահմանված խնդիրների և IPCC-ի աշխատանքների միջև կապը:
