ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2018
Էկոկրթական միջոցառումներ` Հայաստանի բնության պետական թանգարանում

Շարունակվում է  ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ձևավորված «Պատանի բնասեր» ակումբում իրականացվող էկոկրթական միջոցառումների 2-րդ փուլը, որի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի  Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, իրենց կենսաբանության ուսուցչուհու ուղեկցությամբ այցելել են «Հայաստանի բնության պետական թանգարան»։ Թանգարանում աշակերտներին դիմավորել է ՀՀ բնապահպանության նախարարության Էկոկրթության բաժնի պետ Ա․ Մուրադյանը, ով ողջունել է աշակերտներին և շնորհակալություն հայտնել ակումբի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար՝  նշելով, որ յուրաքանչյուր էկոկրթական միջոցառում մոտեցնում է երեխաներին բնությանը և հարստացնում նրանց գիտելիքները։ Աշակերտները ծանոթացել են թանգարանի պատմության, գրադարանային և ֆոնդային արխիվային նյութերի հետ։ Թանգարանի գիտաշխատողների ուղեկցությամբ աշակերտները ծանոթացել են թանգարանում պահվող Հայաստանի Հանրապետության բնաշխարհի վերաբերյալ նյութերի, այդ թվում բուսական և կենդանական աշխարհի և այլ թանգարանային հավաքածուների և ցուցանմուշների հետ։ Աշակերտներին ներկայացվել են այն քայլերը, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրի պահպանությանը և կենսաբազմազանության վերարտադրմանը։ Էքսկուրսիայի ընթացքում աշակերտները աչքի են ընկել հետաքրքրասիրությամբ, ինպես նաև տրված բազմաթիվ հարցերով։  «Պատանի բնասեր» ակումբի էկոկրթական միջոցառումները շարունակվում են։