ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2018
Կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին»

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ գործադիրն այսօր հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, ոչ միայն կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության, այլև երաշխիք երկրի կայուն զարգացման համար:   Ներկայում գործող օրենսդրական հենքի կատարելագործման խնդիրն արդիական է, քանի որ այն չի ապահովում բնապահպանության ոլորտի այնպիսի գործընթացների կարգավորումը, ինչպիսիք են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ու կայուն օգտագործմանն ուղղված համալիր պլանավորման, բնական ռեսուրսների միասնական մոնիթորինգի իրականացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հաշվառման ու կադաստրների վարման, միասնական տեղեկատվական համակարգերի կառավարման ու շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բոլոր բաղադրիչները միմյանց հետ շաղկապված վիճակի գնահատման գործընթացները:   Ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, այն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսցող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ-ներ), ջրային ռեսուրսները, մթնոլորտը:  Ռազմավարությունը կստեղծի շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ, ինչպես նաև կապահովի անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար:  Մասնավորապես. կկատարելագործվի շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական դաշտը, այդ թվում՝ կնախատեսվի էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցները,  կձևավորվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ՝ ներառելով միջազգային ստանդարտները, համակարգը,  կնպաստի խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ապահովումը և միջազգային համագործակցության զարգացումը: Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները (մթնոլորտ, ջուր, հող, ընդերք, բուսական և կենդանական աշխարհ, ինչպես նաև դրանց առնչությամբ ձևավորվող միջավայրերը) որպես ամբողջականություն, կլինեն պետության ներսում կայացվող որոշումների (տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական, մշակութային և այլն) առանցքում։   Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրների լուծման և միջազգային հնարավորությունների արդյունավետ իրացման համար կարևորվում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության, վերականգնման և ողջամիտ օգտագործման պետական կառավարման միասնական համակարգի ձևավորումը՝ բնապահպանության նախարարության հենքի վրա։   Բնապահպանական գործունեության իրավիճակի բարելավումը բնապահպանական քաղաքականության իրականացման միջոցով կստեղծի բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում նպատակների հասանելիություն ապահովող միջոցառումների ամբողջական համակարգի առկայություն: