Մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ-ում ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը: Նախարարը ողջունել է Շ․ Շարպին նշանակման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ին բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, նշել համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը: Նորանշանակ պաշտոնյային նախարար Մինասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները, հատկանշելով, որ ծրագրերում լավ արդյունքներ են արձանագրվել, հակիրճ անդրադարձել նախարարության գործառույթներին և իրականացվող բարեփոխումներին: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ արտգործնախարարին հավատարմագրերը հանձնելուց հետո սա կառավարության ներկայացուցչի հետ երկրորդ հանդիպումն է, ինչը նաև կարևորում է կառավարության հետ աշխատելու առաջնահերթությունը: Շնորհակալություն հայտնելով նախարարին համատեղ աշխատանքների ներկայացման համար՝ Շոմբի Շարպն անդրադարձել է նաև այն նախատեսվող ծրագրերին, որոնց շրջանակներում համագործակցության նոր հնարավորություններ կան: Հանդիպման ընթացքում խոսվել է մի շարք ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրին, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին, ԲՀՊՏ-ների պահպանությանը, անտառային բարեփոխումների ոլորտում համագործակցության հնարավորություններին և այլն: Պաշտոնյաները պայմանավորվել են առավել հաճախակի դարձնել հանդիպումները՝ դրանք նախաձեռնելով նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ավարտին կողմերը կրկին հավաստել են համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: