ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2018
ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

 Փետրվարի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է  Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար  Մինասյանը հակիրճ անդրադարձել է  երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքին: Իր հերթին ԻԻՀ էնեգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել կառուցողական երկխոսությանը միտված հանդիպման հնարավորության համար: Հանդիպման առանցքում  ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղել: Մասնավորապես, քննարկվել է Արաքս գետի ջրի որակին, գետի աղտոտման կանխարգելման, մոնիթորինգի իրականացման խնդիրներին վերաբերող հարցերի շրջանակ: Հատկանշվել է խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ  է եղել նաև ԻԻՀ և ՀՀ ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ «Դիզմար» պահպանվող տարածքի և ՀՀ   «Արևիք» ազգային պարկի սահմանային գոտում մշտադիտարկման աշխատանքներին, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությանը: Նախարար Մինասյանը կարևորել է նաև Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/  Գերմանիայի գրասենյակի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/   կողմից համաֆինանսավորվող Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագիրը, որի շրջանակներում պայմանավորվածություն կա  ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության հետ՝ ազնվացեղ եղջերուի 4 առանձնյակի ձեռք բերման վերաբերյալ: Նախարարը նշել է , որ ի պատասխան՝ WWF-Գերմանիայի գրասենյակն իրանական կողմին կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ անհրաժեշտ սարքավորումներ ԲՀՊՏ-ներում խոշոր կաթնասունների մոնիտորինգի իրականացման համար:  Հանդիպման ավարտին կողմերը  կրկին ընդգծել են առարկայական և կոնկրետ, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հավաստելով համագործակցության զարգացման պատրաստակամությունը: