ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.02.2018
Բնապահպանական թեմաներով պատմվածքների մրցույթի հաղթողներին պարգևատրելու համար հատկացվել է 1 744 320 ՀՀ դրամի դրամաշնորհային միջոցներ

Հասարակության մոտ բնապահպանական մշակույթ ձևավորելը ՀՀ բնապահպանության նախարարության հիմնական գործառույթներից է և այդ նպատակով պարբերաբար իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր:  Հերթական էկոկրթական միջոցառումը կայացել է ՀՀ Սյունիքի մարզում՝  ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի ընթացքում մարզի համայնքների դպրոցների աշակերտների և չափահաս բնակիչների համար անց է կացվել կարճ պատմվածքների մրցույթ՝ Մարդը և վայրի բնությունը և Իմ գյուղի անցյալը, ներկան և ապագան թեմաներով:  Մրցույթին մասնակցել են 7 համայնքի 96 քաղաքացի, որից՝ 49 դպրոցական և 47 չափահաս բնակիչ: Պատմվածքներում ներկայացվել է բնապահպանական՝ մասնավորապես շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրների, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, ինչպես նաև ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը նվիրված թեմաներ: Դրանցում նկարագրվել են նաև իրենց հայրենի գյուղը՝ նրա չքնաղ բնությունը: Պատմվածքներում ակնառու էր բնակիչների սերն իրենց գյուղի, բնության հանդեպ: Մրցույթի մասնակիցներն անց են կացրել  քննարկումներ՝ պատմվածքների բովանդակության, նրանցում բարձրացված հարցերի լուծման  վերաբերյալ: Քննարկումներին մասնակցել են նաև  համայնքների այլ բնակիչներ, ովքեր բարձրացված խնդիրների վերաբերյալ արտահայտել են իրենց կարծիքը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն պատմվածքների հեղինակները պարգևատրվել են դրամական միջոցներով։ Մասնավորապես՝ 1-ին տեղ զբաղեցրած 11անձ պարգևատրվել է 57 000 ական ՀՀ դրամով, 2-րդ տեղ զբաղեցրած 11 անձ՝ 42 700 ական  ՀՀ դրամով, 3-րդ տեղ՝ 10 անձ 28 400 ական ՀՀ դրամով, 16 այլ մասնակիցներ ևս ստացել են խրախուսական դրամական պարգևներ։ Ընդանուր առմամբ պատմվածքների համար հայտարարված մրցույթի մրցանակային տեղեր զբաղեցնողներին և խրախուսական պարգևներ ստացողներին հատկացվել է 1 744 320 ՀՀ դրամ։ Նման մրցույթ-քննարկումների նպատակն է խորացնել բնակիչների գիտելիքները և սերը բնության հանդեպ: