ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանն այսօր համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու՝ «Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ։ Կողմերն ստորագրված փաստաթղթերով որակական նոր հարթության վրա են դրել մինչ այդ ունեցած համագործակցությունը, որը միտված է էկոկրթության զարգացմանը։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը պարտավորվել է «Զբոսաշրջության» և «Սպասարկման կազմակերպում» մասնագիտություն ստացող ուսանողների համար կազմակերպել մասնագիտական պրակտիկա, ինչպես նաև բնապահպանական և էկոկրթական թեմաներով էկոճանաչողական, տուրիզմի և էկոդաստիարակչական դասընթացներ անցկացնել՝ ըստ նախապես մշակված ուսումնական ծրագրի։ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող դենդրոպարկերում անցկացնել կրթամշակութային միջոցառումներ։ «Արգելոցապարկային համալիր»ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը կարևորելով պայմանագրերի ստորագրումը՝ նշել է, որ դրանց շրջանակում նախատեսվող փոխգործակցությունը կնպաստի մատաղ սերնդի էկոկրթությանը և ընդհանրապես հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը։ Արգելոցապարկային համալիրի տնօրենը Էկոկրթության գործընթացում նաև կարևորել է արվեստի միջոցների կիրառումը։ «Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանը կարևորել է էկոզբոսաշրջության մեջ մասնագիտացող ուսանողների արտադասարանային և գիտապրակտիկ դասընթացների անցկացումը համալիրի գիտական գծով մասնագետների հետ և հանրապետության տարբեր մարզերում գտնվող դենդրոպարկերում։ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանը նկատել է, որ բնապահպանության և արվեստի մերձեցումը երկրի զարգացման հիմնական գրավականներից է։