ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.02.2018
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է գերատեսչության 2018թ․ գերակա խնդիրները և միջոցառումները

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ոսուլիսի ժամանակ ներկայացրել է 2018 թվականին բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները և գերակա խնդիրները։ Երկու տասնյակը  գերազանցող Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներից և գերակա խնդիրներից փոխնախարարն առանցքային է համարել նախարարության կողմից նոր դրամաշնորհային պայմանագրերի կնքումը և ծրագրերի իրականացումը, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հիմնախնդիրների լուծումը, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի կատարելագործումը և տեխնիկական վերազինումը,  ինչպես նաև Բնապահպանության բնագավառում լիցենզիաների և թույլտվությունների էլեկտրոնային տրամադրման ապահովումը։      Ըստ Խաչիկ Հակոբյանի, ՀՀ բնապահպանության նախարարությունը 2018թ․ միայն գերակա խնդիրների շրջանակներում աշխատանքներ է տանելու նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտի միասնական կառավարման համակարգի ներդրման, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված կամ տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների թվով 50 ջրառի կետերում առցանց հոսքաչափական սարքավորումների տեղադրման, բնապահպանական միասնական պետական մոնիթորինգի համակարգի նախադրյալների ստեղծման և այլ ուղղություններով։  Անդրադառնալով «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրին՝ փոխնախարարը շեշտել է․ «Այն լայնածավալ աշխատանք ու ընթացակարգ պահանջող գործընթաց է: Կա ﬕնչև 570 մլն դոլարի ներուժ: Այս պահին Համաշխարհային բանկը տեխնիկական աջակցություն է տրամադրում նախապատրաստական աշխատանքների և ծրագրային առաջարկների մշակման համար»։  Ասուլիսում ներկայացվել է նաև էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության նախատեսած միջոցառումների մանրամասները։