ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ- 988 –Ա հրամանագրով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Էլյանորա Գրիգորյանը 2001թ.-ից աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական: ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում, բարեխղճորեն կատարել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից վարվող քաղաքականության մասով Նախարարի հանձնարարականները, լուծել է Նախարարության գործառույթներից բխող հիմնախնդիրները: Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) ազգային համակարգող: ԷՍՊՈ կոնվենցիայի շրջանակներում հանդիսանալով իրականացման կոմիտեի անդամ, որտեղ Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող ատոմակայանի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից բարձրացված բողոքի քննարկման ընթացքում մեծ ջանքեր է ներդրել այդ հարցի չեզոքացման ուղղությամբ: Լուրջ ներդրում ունի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության բնագավառում օրենսդրական դաշտի կատարելագործման գործում, մասնավորապես Անդրսահմանային ենթատեքստում և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացում: Մեծ ներդրում ունի միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցելու հարցում: Ակտիվ գործունեություն է իրականացնում Հայաստանի պահպանվող տարածքներում բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված հարցերում: