ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը: «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող Ա.Ալեքսանդրյանը նիստի ընթացքում ներկայացրել է Գործողությունների ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում՝ 2017թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության և այլ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները։ Կատարված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է նաև ՀՀ կառավարություն: «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ ծրագրի իրականացման գործընթացի և ձեռքբերումների մասին զեկույցով հանդես է եկել ծրագրի համակարգող Գ. Ղարագեբակյանը: