Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելքի ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի իրականացնելիք համատեղ միջոցառումները և նախատեսված փոխգործակցության մեխանիզմները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, պատասխանատու գերատեսչությունների ստորաբաժանումների և Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները: Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, որով արգելվել է 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ: Խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հրամանով սահմանված, ինչպես նաև եռակողմ միջոցառումների ծրագիրով նախատեսված գործողությունները և համոզմունք հայտնել, որ շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ աշխատանքներն արդյունք կտան, նախատեսված կանխարգելիչ քայլերն կհաջողվեն և 2018 թվականին Սևանում ձկնային պաշարները կավելանան: Բնապահպանության նախարարը նշել է, որ 2016թ. իրականացված արգելքի միջոցառումները, շնորհիվ նաև տեղի բնակիչների ըմբռնողական մոտեցման, 70-80 տոկոսով հաջողվել են, ինչը փաստում է արդեն 2017 թվականին ձկան պաշարների ուսումնասիրության արդյունքները: «Կոչ եմ անում բոլոր կողﬔրին, այդ թվում՝ Սևանի ափաﬔրձ համայնքների ղեկավարներին, որպեսզի սիգի վերարտադրության շրջանում բացառվի ձկան որսը, որպեսզի ողջ գործընթացն առնվի բավարար վերահսկողության տակ: Շատ ցանկալի է, որ բացատրական աշխատանքի ﬕջոցով կարգավորվեն բոլոր խնդիրները, հակառակ դեպքում լինելու ենք չափազանց խիստ: Պատասխանատվության կենթարկվի ոչ ﬕայն ձուկ վաճառողը, այլ նաև ձկնորսն ու մյուս անձինք, որոնց ﬕջոցով ձուկը հայտնվել է շուկայում կամ վաճառքի այլ կետերում, իսկ պատժիչ գործողությունների մասին հանրությանը կտրվի համապատասխան տեղեկատվություն»,-շեշտել է Արծվիկ Մինասյանը: Խորհրդակցությանը մասնակցող համայնքապետերը այս տարի նույնպես պատրաստակամություն են հայտնել շարունակել բացատրական աշխատանքները համայնքի բնակիչների հետ: Ըստ նախարար Արծվիկ Մինասյանի, եթե ձվադրման շրջանի արգելքն հաջող իրականացվի ապա հնարավոր կլինի անցնել կարգավորվող արդյունագործական որսի և յուրաքանչյուր ցանկացող կկարողանա իրացնել ձուկ որսալու իր իրավունքը, որի նպատակը կլինի ձկնային պաշարների կայուն աճը, այլ ոչ թե ապօրինի որսի լեգալացումը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ ձկան որսի արգելքը բխում է նաև ժողովրդի շահերից: Այն կնպաստի ձկան պաշարների ավելացմանը և մարզպետարանը միացել է այդ գործողությունների լիարժեք իրականացմանը: «Լինելու ենք խիստ և հետամուտ բոլոր դեպքերի բացահայտմանը: Գործելու ենք ոչ ﬕայն մարզի, այլև ամբողջ հանրապետության տարածքով ﬔկ: Խախտուﬓեր հայտնաբերելու դեպքում գնալու ենք ﬕնչև վերջ՝ պարզելու, թե ով է կատարել որսը, ով՝ տեղափոխությունը կամ ﬕջնորդավորված վաճառքը»,-նշել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը նշել է, որ տեսչական մարմնի բոլոր ռեսուրսները լիարժեքորեն ներգրավվելու են եռակողմ միջոցառումների իրականացման գործընթացում: Խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանել է նաև համայնքների ղեկավարների բարձրացրած հարցերին: Տեղեկանք ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դեկտեմբերի 14-ի հրամանում ասվում է. «1. Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ: 2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` 1) մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, 2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, 3) կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ: 3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել` 1) կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա, 2) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին»: