ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2017
Նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը  հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային` վերջինիս խնդրանքով: Կողմերը քննարկել են  այս տարի նոյեմբերի 6-17-ին Բոննում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Լեհաստանի պատվիրակությունների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դիտարկվել են տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում լեհական առաջատար ձեռնարկությունների հետ բնապահպանության ոլորտում Հայաստանի համագործակցության մեխանիզմները: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, շեշտելով, որ Հայաստանում զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` առաջարկել է խթանել երկու երկրների համապատասխան կազմակերպությունների համագործակցությունը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Բնապահպանական ծրագրեր` պարտքի դիմաց» գործընթացի մասին և առաջարկել այդ ուղղությամբ Լեհաստանի ունեցած հաջողված փորձին ծանոթանալու նպատակով համապատասխան մասնագետների հետ հանդիպում կազմակերպել: Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բնապահպանության նախարարության և Լեհաստանի շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրմանն առնչվող հարցերին, որի վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: