ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2017
Այսուհետ բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններ ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով

Ս/թ դեկտեմբերի 11-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրում» թեմայով սեմինար:  Սեմինարին մասնակցել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի   համապատասխան ստորաբաժանումների, տարածքային բաժինների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների տնտեսվարողներ:  Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի  հունվարի 12-ի «ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N122-Ն որոշման՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացնելու  համակարգի ներդրումը հանդիսանում է գերակա խնդիր, որի հիմնական նպատակն է  կրճատել հարկ վճարողների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը, սահմանափակել տնտեսվարողների շփումը պետական կառույցների հետ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ գործարկվել է բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգը, որը հասանելի կլինի https://file-online.taxservice.am կայքէջում։  Այսուհետ տնտեսվարողները բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն հարկային մարմին։ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ բնապահպանության նախարարությունը petekamutner.am կայքի միջոցով կարող են իրար միջև փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Համակարգը հնարավորություն կտա առավել սեղմ ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրել և ընդունել ներկայացված հաշվետվությունները։