Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (UNGA) և Climate Week-ի շրջանակում, Կոլումբիայի Հանրապետության նախաձեռնությամբ կայացավ «Դիմակայուն ապագայի բացում․ կլիմայի և բնության համադրությունը COP30-ի ճանապարհին» խորագրով նախարարական բարձր մակարդակի քննարկում։
Քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Կոլումբիայի COP16 նախագահ Իռենե Վելեսը, ինչպես նաև մի շարք երկրների նախարարներ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումն անցկացվեց այն օրերին, երբ Նյու Յորքում ընթանում են տասնյակ համաժողովներ և քննարկումներ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների առաջնորդությունն ու համատեղ պատասխանատվությունը կլիմայական նոր ազգային գործողությունների ծրագրերի (NDCs) ներկայացման և դրանց իրականացման համատեքստում։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները։ Իր խոսքում նախարարը ընդգծեց, որ Հայաստանը, լինելով լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր, հատկապես խոցելի է կլիմայական փոփոխությունների հետևանքների նկատմամբ։ Դրանք արդեն իսկ զգալի ազդեցություն են ունենում գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, առողջապահության, էներգետիկ համակարգերի, ենթակառուցվածքների և կենսաբազմազանության վրա։
Չնայած առկա մարտահրավերներին՝ նախարարը վերահաստատեց Հայաստանի վճռականությունը՝ քայլելու համարձակ կլիմայական քաղաքականության ուղով։ Նրա խոսքով՝ այս քաղաքականության հիմքում ընկած են համերաշխության, հավասարության և միջազգային համագործակցության սկզբունքները։ Նա նաև շեշտեց, որ միայն համախմբված և համակարգված գործողություններն են ի վիճակի ապահովել կայուն և կենսունակ ապագա։
Նախարար Մաթևոսյանը հատուկ ընդգծեց, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը լինելու է կարևոր հարթակ՝ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի համադրման, ինչպես նաև Ռիոյի երեք հիմնական կոնվենցիաների միջև համագործակցության խորացման առումով։
Իր ելույթում նախարարը կարևորեց բնության վրա հիմնված լուծումների խթանումը՝ որպես կլիմայական մարտահրավերների պատասխան և կենսաբազմազանության պահպանման ուղի։ Նա նաև նշեց քաղաքացիական հասարակության, երիտասարդների, կանանց, տեղական համայնքների, գիտական հանրության և մասնավոր հատվածի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ որպես արդյունավետ և արդարացի քաղաքականության կառուցման կարևոր բաղադրիչ։
Ելույթի ավարտին նախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի և գործընկեր կառույցների հետ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի և Փարիզի համաձայնագրի իրականացմանն ու կայուն զարգացման նպատակների առաջմղմանը։
