ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2017
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, բնական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումներն ընթանում են լայն թափով

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զանգվածային լրատվության միջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները։  Հիշեցնելով, որ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ներկայացվել էր ոլորտի խնդիրների ախտորոշումը և, որպես ՀՀ շրջակա միջավայրի պատասխանատու գերատեսչություն, դրանց լուծման տեսլականը` բնապահպանության նախարարը նշել է, որ ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի նվազեցման, բնական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ միջոցառումների մի մասն իրականացվել է, մյուսները ընթացքի մեջ են: Երեք հիմնական` մասնագիտական բարձր որակների, հայրենասիրության, պատասխանատվության սկզբունքների վրա հիմնված կադրային քաղաքականությունը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերը լիարժեք իրականացվում են: «Մեծ տեղ ենք հատկացրել միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանքին, ինչը պետք է արտացոլվեր դրամաշնորհների տեսքով` երկիր գումարների մուտքի գործընթացում: Այս առումով մեր նախանշած ցուցանիշն ապահովվել է: Շուրջ 30,7 մլն ԱՄՆ դոլարի համարժեք դրամաշնորհային ծրագրեր մենք արդեն կնքել ենք, ինչն ուղղվելու է շրջակա միջավայրի բարելավմանը և համակարգի զարգացմանը: Դրամաշնորհային միջոցների թափանցիկությունը բարձրացնելու, պետական բյուջեի գանձապետական համակարգի միջոցներին համահունչ հրապարակայնություն ապահովելու` ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարման համատեքստում, արդեն մեծաքանակ դրամաշնորհային միջոցներ ներառվել են պետական բյուջե և բաշխվում են այնտեղից: Դրամաշնորհային բոլոր ծրագրերով հրապարակվում են ֆինանսական հաշվետվություններ»,- նշել է Ա. Մինասյանը: Բնապահպանության նախարարը գերատեսչության կարևոր ձեռքբերում է համարել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ համակգործակցության սերտացումն ու ընդլայնումը` հատկապես ոլորտում որոշումների կայացման գործընթացում, ինչը թույլ է տալիս համակարգն առավել առաջանցիկ զարգացման տեմպերի վրա տեղափոխել. «ՀՀ բնապահպանության նախարարությունը որդեգրել և առաջնորդվում է այն սկզբունքով, որ հանրությունը պետք է ոչ միայն տեղյակ լինի ոլորտին վերաբերող որոշումներին, այլ մասնակցի դրանց ընդունման գործընթացին»: Նախարարն ընդգծել է հանրության կողմից ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման փաստը, ինչն արտահայտվում է մասնավոր նախաձեռնությունների թվի աճով, որոնք ուղղված են բնության հատուկ պահպանվող տարածների բարելավմանը  կամ  նոր տարածքների ստեղծմանը և որոնց մասին առաջիկայում կտեղեկացվի հանրությանը: Առաջիկայում կհրապարակվեն թե´ կազմակերպության, թե´ անձի անունը, ով իր ֆինանսական միջոցներով պատրաստ է ձևավորել բնության հատուկ պահպանվող տարածք, որտեղ բացառվելու է որսը, ի տարբերություն որսահանդակների, ինչը խոսում է հասարակության մոտ էկոմշակույթի ձևավորման մասին: Ընդերքի քաղաքականության մասով հիմնարար վերափոխումներ են իրականացվում 3 ուղղություններով` ընդերքի շահագործման, մոնիթորինգի և դրանից հետո վերականգնողական աշխատանքների: Այս նպատակով ստեղծվել է շուրջ 15 նորմատիվ իրավական ակտ, ինչն ապահովելու է առաջիկայում մեծածավալ դրական փոփոխություններ: Անդրադառնալով կառուցվածքային բարեփոխումներին` Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ձևավորվել են միասնական մոնիթորինգ իրականացնող պետական կազմակերպությունը ու Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: Վերջինիս վերահսկողական լիազորություններն ուժեղացված են և այն դուրս է բերված ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությունից: «Սա թոյլ է տալիս ՀՀ բնապահպանության նախարարությանը  կենտրոնանալու  բնական ռեսուրսների հաշվառման, պլանավորման, մոնիթորինգի, հսկողության, վերականգնման և էկոկրթության գործառույթների վրա, ինչը շատ կարևոր է և կնպաստի շրջակա միջավայրի պահպանության հարցերում լիազոր մարմնի դերի և հեղինակության մեծացմանը»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը: ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանել է լրագրողների երկու տասնյակից ավել հարցերին: Անդրադառնալով գլոբալ փոփոխություններով պայմանավորված հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ հարցերին` Ա. Մինասյանը նշել է, որ կլիմայի փոփոխություններով պայմանավորված գործընթացի շրջանակներում գերատեսչությունը շատ ակտիվ համագործակցության մեջ է պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Ինչի շրջանակներում հաստատվել է ազգային հարմարվողականության ծրագիրը, ըստ որի, գլոբալ փոփոխության պայմաններում Հայաստանը պետք է ունենա հարմարվողականության մեխանիզմներ և մեղմման գործողություններ / կանաչապատ տարածքների ընդլայնում, ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում/: Այդ նպատայկով կներգրավվեն դրամաշնորհային միջոցներ, ինպիսիք օրինակ այս տարի մեկնարկած 20 մլն ԱՄՆ դոլարի էնեգախնայողության դրամաշնորհային ծրագիրն է, որի հաջող իրականացմանը կհաջորդի նույն նպատակներով ցածր տոկոսով վարկային զգալի միջոցների ներգրավումը: Այս շրջանակներում բնապահպանության նախարարը կարևորել  է հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման համակարգերի ձևավորումը: Սակայն առանձնացրել է նաև հրդեհների ծագման ոչ կլիմայական, այլ մարդածին պատճառների գործոնը: Որպես օրինակ հիշատակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի երկրորդ օրն արբանյակից արված լուսանկարը,/ որը տրամադրել էր ԱՄՆ կառավարությունը/, որտեղից երևում է, որ հրդեհի մի քանի օջախներ կան, որոնք միմյանցից գտնվում էին մեծ հեռավորության վրա, ինչը հնարավոր է միայն կայծակի դեպքում, որն այդ օրերին բացառվում էր: Նախարարը հայտնել է, որ այդ լուսանկարները փոխանցվել են իրավապահ մարմիններին`  հրդեհի պատճառների լիարժեք քննություն անցկացնելու համար: Պատասխանելով «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ խստացված միջոցառումների դեմ Հաղարծին գյուղում կազմակերպված բողոքի ակցիաներին վերաբերող հարցին` Արծվիկ Մինասյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել մի երևույթի վրա, երբ մի կողմից նախարարությունից պահանջում էին խստացնել ապօրինի ծառահատումների դեմ պայքարը և երբ այդ ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է առարկայական միջոցառումներ, հնչում են հակառակ պնդումները, որոնք սփռվում են նաև մամուլով, թե գյուղացուն զրկում են ապրուստի միջոցից: Նախարարը շեշտել է, որ որևէ գյուղացի, ով հոգում է իր տան վառելափայտի հարցը` խնդիր չի ունեցել, քանի որ նաև ՀՀ կառավարության որոշմամբ նրանց անվճար հատկացումներ են արվում: Խստացման միջոցառումներն ուղղված են այն անձանց դեմ, ովքեր էլ գաղաքացիներին  կազմակերպված դուրս են բերում փողոց` փորձելով իրենց անօրինական բիզնես շահը ներկայացնել գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում: «Սոցիալական խնդիրներ ունեն բոլոր մարզերի բնակիչները և չի կարելի ապօրինի ծառահատումները հիմնավորել դրանով: սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ բանակցություններ են տարվում այդ համայնքներում կողմնակի անտառօգտագործմանը նպաստող ծրագրեր իրականացնելու համար»,- ամփոփել է ՀՀ բնապահպանության նախարարը: ՄԱՄՈՒԼԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ