ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.11.2017
Պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 30-ի 185/1567/ թողարկման մեջ հրապարակված «Օրինագիծ` ընդդեմ գետերի» վերտառությամբ հոդվածում հրապարակվել է տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը և օրենքի նախագծի դրույթների թյուրըմբռնման արդյունք է: Հոդվածագիրն իր նյութը կառուցել է այն պնդման վրա, թե ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով թույլատրվում է փոքր ՀԷԿ-եր կառուցել «բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում, գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ»: Իրականում ՀՀ բնապահպանության նախարարության մշակած օրենքի նախագծով նախատեսվում է ճիշտ հակառակը` վերոհիշյալ հատվածներում արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Փոքր ՀԷԿ-երի կառուցման մերժումը վերաբերում է 1-ին հոդվածի ոչ միայն  1-ին, այլ նաև 2-րդ կետերով սահմանված դեպքերին: Հոդվածի հեղինակին առաջարկում ենք մեկ անգամ ևս ուշադիր կարդալ օրենքի նախագիծը, որը կցվում է     ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.  «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե ՝ 1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝  ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր . բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40տոկոս և ավելի է:  Սույն մասով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝   ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, գ. ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներում, դ. գետերի հոսքի ձևավորման տարածքներում, ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, զ. անտառային տարածքներում, որոնք կարող են հատվել շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս:     Սույն մասով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»