ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պատասխանատու պետական և իրավապահ մարմինների, հասարակական, գիտական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունների մասնագետներ: Տալով լսումների մեկնարկը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանն ընդգծել է բնության հատուկ պահպանվող տարածքների/ԲՀՊՏ/ նշանակությունը և կարևորել այնտեղ առկա խնդիրների լուծումը, ինչ նպատակով էլ հրավիրվել են լսումները: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրավիրված լսումները նշանավորել է երկու առումով` առաջին, որ օրենսդիր մարմինը լիարժեք տեղեկացված լինի ՀՀ կառավարության կողմից բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին և անհրաժեշտության դեպքում օրենսդրական կարգավորումները պատշաճ տեսքի բերելու և երկրորդ` հանրության լայն շերտերի ներգրավումն է այն կարևոր հարցերի մեջ, որոնք են ԲՀՊՏ-ների ընկալումը, պահպանման խնդիրները, սերունդների համերաշխության սկզբունքի իրագործումը: «Համաշխարհային առաջադեմ փորձը բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկում է որպես մի կենսամիջավայր, որտեղ իրականացվում է, ոչ միայն պահպանության գործառույթ, այլ այն ունի հստակ տնտեսական և սոցիալական դրսևորում, իսկ տնտեսական և սոցիալական շահը կարող է ապահովվել, եթե իրականացվի դրանց պատշաճ պահպանություն»,- նշել է բնապահպանության նախարարը և հավելել, որ այս հիմնարար մոտեցումը հակադրվում է անցումնային տնտեսություն ունեցող երկրներում երկար տարիներ գերակայող բնությունը շահագործելու գործընթացին և ներկայում առաջնային է համարվում շրջակա միջավայրի պահպանությամբ` տնտեսական և սոցիալական արժեքներ ստեղծելու քաղաքականությունը: Ըստ բնապահպանության նախարարի, այն այն երկրները, որոնք բնական ռեսուրսները օգտագործել են կայուն` ոչ սպառողական սկզբունքով, ապահովել են տնտեսության էական և կայուն աճ և ՀՀ կառավարության վարած ռեսուրսների կայուն օգտագործման քաղաքականությունը նաև սահմանադրական նորմի իրացում է: Նկատելով, որ այսօր Հայաստանի տարածքի 13.1 տոկոսն են կազմում ԲՀՊՏ-ները` Ա. Մինասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում ոչ միայն այդ տարածքները ընդլայնելու, այլ նաև դրանց պահպանության ուժեղացման և կանոնավոր դարձնելու ուղղությամբ: Լսումներին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Վերջիններս պատասխանել են պատգամավորների, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: Ելույթներով հանդես են եկել ԱԺ պատգամավորներ ԱԺ նախագահի տեղակալ Մ. Մելքումյանը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, պատգամավորներ Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պողոսյանը ներկայացրել է երկու տարվա ընթացքում բնապահպանական նորմերի խախտման դեպքերով հարուցված գործերի արդյունքները և շեշտել հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտությունը, քանի որ գործերի ընթացքը ցույց է տալիս, որ հասցված վնասները անվերականգնելի են: Իր եզրափակիչ ելույթում Արծվիկ Մինասյանը կարևորել է օրենսդիրի ներկայացուցիչների կողմից լսումների ժամանակ բարձրացված հարցերի պատասխանները ստանալու հարցում հետևողական լինելը, ինչում շահագրգռված է բնապահպանական գերատեսչությունը, և պարզաբանումներ ներկայացրել հնչած որոշ հարցադրումների վերաբերյալ: