Հուլիսի 3-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման առանցքում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերի քննարկումն էր: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է բնապահպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, նշել, որ չնայած, կառույցի երևանյան գրասենյակի փակմանը, ակտիվությամբ և հետեևողականորեն շարունակելու են դրանց իրագործումը: Նախարարը նշել է ծրագրերի ինստիտուցիոնալացման և գործողությունները ճանապարհային քարտեզի վերածման անհրաժեշտությունը, ինչը կտա տեսանելի արդյունքներ: Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել նախատեսվող փոփոխություններից հետո փոխգործակցության հնարավորությունները, կարևորել դրանցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերը: Դմիտրի Մարյասինն, իր հերթին, անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարության հետ հաջող համագործակցությանը, վստահեցրել, որ կան լավ հեռանկարներ դրա ընդլայնման համար: Հանդիպմանը խոսվել է գերատեսչության կարողությունների զարգացման անհրաժեշտության, տեխնիկական հագեցվածության և մի շարք այլ հարցերի մասին, որոնց մանրամասները կքննարկվեն արդեն աշխատանքային հանդիպումների ընթացքում: Ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության ընդլայնման և համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունը:
