ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.05.2017
ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր ստորաբաժանումները մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին

ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր ստորաբաժանումները «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկին կազմակերպած համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման աշխատանքներ են իրականացրել բնության հատուկ պահպանվող բոլոր տարածքներում և դրանց հարակից համայնքների մերձակայքում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ մաքրման աշխատանքներ են իրականացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Հավուց թառ վանական համալիրի հարակից տարածքում: Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջ էր քաշել «Հարավ-հյուսիս անաղբ Հայաստան» գաղափարը, որը հավանության արժանացավ ՀՀ կառավարությունում և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակվեց համապատասխան ծրագիր, որն այսօր իրականացվում է: Ըստ նախարարի, կարևոր այս նախաձեռնությունը մեկանգամյա ակցիա չէ, այն լինելու է շարունակական, իսկ ամենակարևորը գաղափարի խորն ըմբռնումն ու վերջնական արդյունքի հասնելը է՝ «Մաքուր Հայաստան» բոլոր առումներով: Դրա համար նախարարն առաջնային է համարել էկոլոգիական կրթության միջոցով հասարակության բոլոր շերտերի մոտ բնապահպանական գիտակցության և աշխարհայացի ձևավորումը: