ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.04.2017
Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման առանցքում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանման և վերականգնման և այդ համատեքստում` ձկնային տնտեսությունների բարեփոխմանն ուղղված ծրագրերն էին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությանը` օժանդակության և հետևողական աշխատանքի համար: Դեբորա Գրիզերը իր հերթին կարևորել է նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շարունակական համագործակցությունն Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պաշտպանության և պահպանման գործում` տեղի համայնքների համար ջրի կայուն ապահովման և արդյունավետ օգտագործման նպատակով: « Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերով կներդնենք ջրի կառավարման արդյունավետ համակարգեր եւ տեխնոլոգիաներ Արարատյան դաշտավայրում, խթանել ձկնաբուծության էկոլոգիապես բարենպաստ պրակտիկան, և խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում»,- նշել է նա: Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (ԳԱՏՕ) ուսումնասիրությունների հիման վրա իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ձկնաբուծարաններում նախատեսվող ջրային պաշարների կառավարման ավտոմատացված համակարգերի տեղադրումը: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Արարատյան դաշտի ձկնաբուծական բոլոր տնտեսություններին տեղեկացվել է, որ մայիսի երկրորդ կեսից բնապահպանության նախարարությունը նախատեսում է ակտիվ գործողություններ ծավալել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. մասնավորապես, իրականացվելու են տեսչական ստուգումներ և վարչական վարույթով զննություններ: Անդրադառնալով առաջիկայում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մայիսի վերջին հերթական հանդիպման շուրջ, նշելով, որ այս ժամանակահատվածում նախանշված քայլերի կատարումն Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններում իրավիճակի գնահատման ամբողջական պատկերացում կտա: Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ հավաստվել է համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունն ու փոխգործակցության հանձնառությունը: