ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2017
Արծվիկ Մինասյանը Վայոց ձորում մասնակցել է բնապահպանական նշանակության մի շարք միջոցառումների

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում իրականացվող Վայոց ձորի մարզում կայացած մի շարք միջոցառումների: Մարզ այցի մեկնարկը տրվել է Եղեգնաձորի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությամբ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը և այլոք: Սպասարկման կենտրոնը հիմնվել է WWF-Հայաստանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի»՝ CARD հիմնադրամի կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ:Շնորհավորելով նորաբաց կենտրոնի կապակցությամբ՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նորաբաց կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու ճնշումը բնական ռեսուրսների օգտագործման վրա, նպաստելով բնապահպանական մի շարք հարցերի լուծմանը:Կենտրոնի ծառայություններից հնարավորություն կունենան օգտվել 4 տասնյակից ավելի համայնքներ:Այն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ոլորտային տարբեր ծառայություններ,կամուրջ է հանդիսանալու ֆերմերների և միջազգային կառույցների միջև, հագեցած է լինելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնն իրականացնելու է նաև կրթական գործառույթ. կազմակերպվելու են սեմինարներ և դասընթացներ` հայ և արտերկրի մասնագետների կողմից: Նախարարի հերթական կանգառը Խաչիկ գյուղում էր: Այստեղ WWF-Հայաստանի, Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի և խաչիկ համայնքի միջև ստորագրվել է «Բնության պահպանության եռակողմ համաձայնագիրը»: Համագործակցության արդյունքում համայնքին է հանձնվել գյուղտեխնիկա և շուրջ 4000 պտղատու տնկիներ, որոնք համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր կհանդիսանան:Արծվիկ Մինասյանը կարևորել է այս տարածաշրջանում Հարավային Կովկասի արևելյան միջանցքի կենսաբազմազանության ամբողջականության պահպանությանն ու համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նշել, որ դրանք կնպաստեն համայնքների կողմից կենսաբազմազանության միջոցով ստացվող սոցիալ-տնտեսական օգուտների բազմապատկմանը:Նախարարի խոսքով՝ համայնքին տրամադրված օգնությունը, ինչպես նաև հողատարածքների արդյունավետ օգտագործումը կնպաստի գյուղի զարգացմանը, իսկ նոր համագործակցությունն էականորեն կխթանի էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրով: «Այս ծրագրի մեկնարկով մենք սկսում ենք էկոմիջանցքների քաղաքականության պրակտիկ իրագործումը, որպեսզի մեր հարուստ կենսաբազմազանության պայմաններում,հատկապես, կենդանական աշխարհը կարողանա էկոմիջանցքների միջոցով ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա: Իսկ դա նշանակում է , որ այն համայնքները, որոնք գտնվում են այդ հատվածում, պետք է ստանան հնարավորություն, որպեսզի մի կողմից չվնասեն կենդանական աշխարհը, մյուս կողմից օգտվեն և սեփական եկամտի աղբյուրներ գտնեն ի դեմս զարգացման տարբեր ուղղությունների, այդ թվում` նոր անտառների հիմնումը, ինչը ոչ միայն կփոխի կլիմայական պայմանները Խաչիկ համայնքում, այլև նաև հնարավորություն կտա խաչիկցիներին անտառային բարիքներից նույնպես օգտվելու որպես իրենց եկամտի կայուն աղբյուր,-նշել է նախարարը: Արծվիկ Մինասյանն այցելել է նաև «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ»: Այստեղ նախարարին են ներկայացվել պահպանվող տարածքում նախանշվող ծրագրերը, զբոսաշրջության խթանմանն ուղղված և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության աշխատանքերը, դիտակետից հետևել բեզոարյան այծերի տեղաշարժին: Այցի ավարտին բնապահպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին` անդրադառնալով բնապահպանական մի շարք խնդիրների, այդ թվում, բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակին, տեսչական բարեփոխումներին վերաբերող հարցերի: