ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2017
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 23-րդ համաժողովի արդյունքները

Նոյեմբերի 25-ին Արմենպրեսի մամուլի սրահում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նոյեմբերի 6-17-ին Բոննում տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի/Կողմերի կոնֆերանս/ արդյունքները: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը: 23-րդ Կողմերի կոնֆերանսին, որը նախագահում էր Ֆիջիի կառավարությունը՝ սերտորեն համագործակցելով Գերմանիայի կառավարության հետ, ներկա են գտնվել ավելի քան 16.000 մասնակիցներ, այդ թվում` 9.200 պետական պաշտոնյաներ, 5.500 ներկայացուցիչներ ՄԱԿ-ի մարմիններից, գործակալություններից և միջկառավարական ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ինչպես նաև 1200 ներկայացուցիչներ միջազգային առաջատար լրատվամիջոցներից: Կոնֆերանսին հիմնականում քննարկվել է Փարիզի համաձայնագրի դրույթների կատարման առաջընթացը և ընդունվել են որոշումներ համաձայնագրի ներքո սահմանված մինչև 2°C գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պահպանման նպատակի իրականացման համար: Այս համատեքստում Կողմ երկրները կարևորել են հարմարվողականությանն ուղղված ֆինանսական ռեսուրսների ապահովման գործընթացները՝ սահմանելով անհրաժեշտ միջոցառումներ Հարմարվողականության հիմնադրամի շարունակական հիմունքներով գործելու հնարավորության համար: Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված հատվածը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը՝ հանդես գալով ազգային հայտարարությամբ: Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և վերականգնվող էներգետիկայի ազգային քաղաքականությունը, ինչպես նաև խոսել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի մասին: Նախարարի առաջին տեղակալը կարևորել է տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աջակցության ազգային կարիքները «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումի» ներքո սահմանված հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացման համար:  Ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային մակարդակով գործողությունների ներքո նախատեսվող Հանրապետության անտառային տարածքների կրկնապատկման` մինչև 20,8 տոկոսի հասցնելու ուղվված ջանքերը, ինչի համար նախատեսվում է ներգրավել մոտ 300 մլն դոլարի դրամաշնոհային միջոցներ` ներառյալ բնություն արտաքին պարտք մեխանիզմի օգտագործումը:  Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված հանդիպման ընթացքում ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության բարձրացրած անհիմն մեղադրանքներին` կապված վերջինիս տարածքների 1/5 գրավման և փախստականների հարցի հետ,  ինքը հակադարձել է.  «Արցախի Հանրապությունը իր անկախությունը ստացել է այն նույն իրավական հիմքերով, ինչ Ադրբեջանը և եթե Ադրբեջանը իրապես ցանկանում է լուծել կլիմակայական և բնապահպանական խնդիրները, ապա բոլոր հնարավոր հանդիպումները չարաշահելու, սուտ և պատմությունը խեղաթյուրող հակահայկական քարոզչության իրականացնելու փոխարեն պետք է փորձի համագործակցել Արցախի Հանրապետություն կառավարության հետ»։  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրիկ Գիրգորյանը շեշտել է, որ Հայաստանը Կոնվենցիայի ներքո ձևավորված ֆինանսական մեխանիզմներից վերջին 2016-2017թթ. արդեն ստացել է դրամաշնորհային միջոցներ` ավելի քան 21 միլիոն դոլարի չափով: Դիանա Հարությունյանը տեղեկացրել է, որ Կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմնի օրակարգի համաձայն, Հայաստանը 4 այլ երկրների հետ մասնակցել է Միջազգային  խորհրդատվության և վերլուծության ու կարծիքների փոխանակման աշխատաժողովին։ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը աշխատաժողովում ներկայացրել է Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը, որին հաջորդել է մոտ 21 հարցադրումներ տարբեր  երկրների պատվիրակների կողմից։ Տիկին Հարությունյանը սպառիչ պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գիրգորյանը թվարկել է այն բոլոր օգուտները, որոնք ստանում է և կստանա Հայաստանի Հանրապետությունը կլիմայի փոփոխությունների հարմարվողականությանն ուղղված միջազգային գործընթացներին մասնակցելու արդյունքում: