«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «Հանքարդյունաբերության հաշվետու և թափանցիկ կառավարման մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի անդամ Խաչիկ Հակոբյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը և «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը: Տեղեկացնելով, որ 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ, բնապահպանության նախարարի տեղակալը կարևորել է ոլորտի թափանցիկությունը` առաջին հերթին բնապահպանական չափանիշների պահպանման համատեքստում: Խ. Հակոբյանը նշել է, որ անդամակցությանը նախորդել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանի համակարգմամբ իրականացված նախապատրաստակական միջոցառումները, որից կարևորագույնը բազմաշահառու խորհրդի ձևավորումն էր: Խ. Հակոբյանը կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը խթանելու պահանջը և նկատել, որ «Մեդիա կենտրոնում» հանդիպման այս ձևաչափը, երբ մեկ սեղանի շուրջ են պետական մարմնի, հանքարդյունահանող ընկերության և հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, խնդիրների արդյունավետ լուծման հիմնական գրավականն է: Բազմաշահառու խմբի անդամ Արմեն Ստեփանյանը նշել է, որ պատասխանատու հանքարդյունաբերող ընկերությունները միանշանակ շահագրգռված են ոլորտի թափանցիկության մեջ, ինչը նպաստում է նաև ընկերությունների միջև խաղի կանոնների հավասարեցմանը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ թափանցիկության սկզբունքով են առաջնորդվում նաև իրենք: Բազմաշահառու խմբի անդամ Արթուր Գրիգորյանը խոսել է ոլորտի խնդիրների լուծմանը նպաստող իրավական նորմերի և հասարակության մասնակցության մեխանիզմների կատարելագործման մասին: Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար ստեղծված հարթակը կնպաստի ոլորտի խնդիրների լուծմանը և կապահովի մեծ ծավալի տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ կողմերի համար:
