ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2017
Հայաստան այցելած զբոսաշրջիկների արդյունքում բյուջե է ներմուծվել 7,5մլն. դրամ

Երևանի Օրհուս կենտրոնում, կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ  տեղի է ունեցել  սեմինար-քննարկում «Էկոլոգիական անվտանգությունը` որպես զբոսաշրջության կայուն զարգացման կարևորագույն պայման» թեմայով: Սեմինարին մասնակցել են ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Կառավարում մասնագիտության «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի, ԵՊՀ «Երկրաբանության և աշխարհագրության» ֆակուլտետի ուսանողներ, Երևանի Օրհուս կենտրոնի կամավորներ:  ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի մասնագետ Վահագ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է էկոտուրիզմի ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տարվող աշխատանքները, ՀՀ-ում էկոտուրիզմի զարգացման ներուժը և  հեռանկարները: Վ. Սարգսյանը ներկայացրել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում կազմակերպվող տուրիստական երթուղիները` նշելով, որ դրանց ստեղծման նպատակն է նպաստել  էկոտուրիզմի զարգացմանը, էկոկրթության և  հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը: Այցելած զբոսաշրջիկները կարող են օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են թռչնադիտարկումը, Կարմիր գրքում գրանցված կենդանիների դիտարկումը, ձիարշավը, նավարկությունը, քայլարշավը, լեռնամագլցումը, ձկնորսությունը, քարաձավներ, բնության հուշարձաններ և այլ այլն: Վ. Սարգսյանը նշել է, որ գնալով աճում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, օրինակ` 2015թ. նրանց թիվը կազմել է 2054 մարդ, 2016թ.-ին՝  2110, իսկ 2017թ.-ին՝ 3000-ից ավելի, որի արդյունքում բյուջե է ներմուծվել 7,5մլն. դրամ: Ստացված գումարները ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը` հյուրատների բարեկարգմանը, սարքավորումների ձեռքբերմանը, հսկողության ուժեղացմանը և այլն: Նա նշել է , որ այս պահին մշակվում է էկոտուրիզմի հայեցակարգը, իսկ 2018թ. արդեն պաշտոնապես իր դռները կբացի Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնը: Զեկույցով հանդես է եկել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մ. Չաքրյանը՝ «Ինչպե՞ս զարգացնել զբոսաշրջությունը ՀՀ-ում, ներկայիս էկոլոգիական մարտահրավերների պայմաններում» թեմայով: Մ.Չաքրյանը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիան՝ նշելով, որ այն տալիս է իմանալու, մասնակցելու և փոխելու իրավունք և ներկաները, որպես ապագա մասնագետներ, հնարավոր է նաև ապագա որոշում կայացնող մարմիններ, ճիշտ տրամաբանությամբ մասնակցեն իրենց շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը:  Միջոցառումը անցել է ինտերակտիվ ձևով և ձեռք է բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություն, թե՛ Բնապահպանության նախարարության, թե՛ Օրհուս կենտրոնի միջև: Միջոցառման ավարտին ներկաները տեսանյութի միջոցով ծանոթացել են նաև Կալավան համայնքի օրինակին, որտեղ մի խումբ կամավորներ,  պահպանելով էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրը, խթանում են էկոտուրիզմի զարգացումը: