Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ազգային պարկի տնօրենի պաշտոնկատար Ա. Աբելյանը, նախարարի խորհրդականներ, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ն. Գրիգորյանը և ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարներ:
Գեղարքունիքի մարզային իշխանության և գործընթացի բոլոր շահագրգիռ ինստիտուտների ներկայացուցիչների հետ միասին ընդգրկուն ձևաչափով քննարկվել են որսաշրջանի ավարտը հավուր պատշաճի կազմակերպելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։
«Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա. Աբելյանը ներկայացրել է սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլի այս պահի դրությամբ առկա ամփոփ տվյալները:
«Սևանա լճում արդյունագործական ձկնորսության վերաբերյալ մեր կայացրած ցանկացած որոշում պետք է բխի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահերից:
Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա և, միևնույն ժամանակ, հոգալ ափամերձ համայնքների բնակչության սոցիալական ապահովության խնդիրը:
Լսելի կլինեն ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ձայնը և մտահոգությունները:
Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել , պետք է վերլուծել ներկա իրավիճակը և թերացումներից հետագայի համար դասեր քաղել:
Կարող եմ ասել, որ առկա է խնդիրը լուծելու բավարար քաղաքական կամք, վճռականություն և մարդկային ռեսուրս»,-նշել է նախարարը:
