ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2017
Ներկայացված <ՀԱԲ> ծրագիրն ապահովում է հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդի համակարգը

Մարտի 10-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Վ.Շաքարյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարական <ՀԱԲ> ծրագիրը, որի նպատակն է ապահովել Հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգ: Ներկայացված գաղափարի արդյունավետ կիրառումը ենթադրում է բնապահպանական բազմաթիվ խնդիրների կարգավորում: «Այս ծրագիրը ստեղծում է ընդհանուր համակարգի կառավարում, հսկում, վերլուծություն, հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների և արգելոցների հսկողությունը մեքենայացնելու /ավտոմատացնելու/ նպատակով», - նշել է ընկերության տնօրենը: <ՀԱԲ> համակարգով կարելի է որոշել նաև անտառների ծանրաբեռնվածությունը, արդյունավետ պայքար մղել ապօրինի ծառահատումների և որսագողերի դեմ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ծրագրի իրականացման գործընթացին: Կարևորվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ բնապահպանական ոլորտում արդյունավետ կառավարման իրականացումը: Հանդիպման ավարտին առաջարկվել է առաջիկայում նոր քննարկում կազմակերպել ՀՀ բնապահպանության նախարարության, «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության մասնագետների մասնակցությամբ` ծրագրի ներդրման ռեսուրսային հաշվարկ իրականացնելու համար: