ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.03.2017
Ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ քննարկվել են բնապահպանության ոլորտի հիմնարար խնդիրներ

Բնապահպանական խնդիրները ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկելու գաղափարը կլոր սեղանի շուրջ էր հավաքել ՀՀ բնապահպանության նախարարության, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախարար Արծվիկ Մինասյանը հրավերին արձագանքած մասնագետների հետ քննարկել է բնապահպանության ռազմավարությունը, անելինքերը, ոլորտի գերակա ուղղությունները: Գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Արծվիկ Մինասյանը սկսել է հանդիպումները ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտնականների և մասնագետների հետ: «Գալով նախարարություն չեմ դադարել տնտեսագետ լինել, բայց վերանայել եմ իմ մոտեցումները, և վստահաբար կարող եմ ասել, որ երկրի զարգացումը չեմ պատկերացնում առանց շրջակա միջավայրի բարելավման, պահպանման: Եվ հիմա հասկանում եմ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք մտահոգություն ունեն, որ տնտեսության զարգացումը երբեմն ընթանում է հաշվի չառնելով սոցիալական եւ էկոլոգիական կոմպոնենտները: Այո′, մենք էստեղ պետք է վերանայենք մոտեցումները և անկեղծանամ, որ կառավարության ներսում էլ է ընթանում այս թեմայի շուրջ բանավեճեր»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Բնապահպանության նախարարը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը տեխնածին է համարում և ներկայում աշխատում են նոր ռազմավարության վրա, ինչը ոլորտում հիմնարարա փոփոխություններ է նախատեսում: «Այս իրավիճակից դուրս գալու ելքը, իմ խորին համոզմամբ, նոր քաղաքակնության իրականացումն է: Քաղաքականություն, որը տեխնածին տնտեսական աճից անցում կկատարի կայուն զարգացմանը: Շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը պետք է իրականացվի կայուն զարգացման հիմքների վրա՝ հաշվի առնելով սերունդների նկատմամբ պատասախանատվությունը»,- նշել է բնապահպանության նախարարը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին այս ձևաչափով կրկին հանդիպել: Որոշվեց մի շարք ծրագրերի հերթական քննարկումը կազմակերպել ՀՀ ԱԺ ընտրություններից հետո: