Փետրվարի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Գործընկերային փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը: Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է ընկերության հետ գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նախաձեռնությունը, նշել շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման ու բարելավման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակով ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման անհրաժեշտությունը: Նախարարը կարևորել է հուշագրի ստորագրումը «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հետ, որը ոլորտում կայացած ընկերություններից է, իրականացնում է արդի և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ, և, որը հայկական առաջին բջջային հեռախոսը՝ Արմֆոնը ստեղծող ընկերությունն է: «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը ողջունել է համագործակցության մասին հուշագրի ստորագրումը բնապահպանության նախարարության հետ, նշելով, որ ընկերությունը պատրաստակամ է միավորելու ջանքերն ու կարողությունները շրջակա միջավայրի պահպանության գործում արդյունավետ աշխատանքի և փոխգործակցության համար: «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի մասնագետները ներկայացրել են բազմաթիվ ծրագրերից մի քանիսը, այդ թվում, կենսապլաստիկ տոպրակների արտադրության, անտառների վերականգնման գործընթացում նորարարական մեթոդների կիրառման, բարձր տեխնոլոգիական նոթատետրի և համակարգչային հավելվածի կիրառման հնարավորությունները: