Փետրվարի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Նոյան Տապան» գրախանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ գրախանութի վերաբացումը կայացել է «Գիրք նվիրելու» օրը: Ավանդույթն արդեն մի քանի տարի անցկացվում է մեծանուն հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Նախարարը շրջել է գրախանութում, ծանոթացել վաճառվող գրքերի նոր տեսականուն: Առաջնորդվելով օրվա խորհրդով` նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և «Նոյան Տապան» գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանին նվիրել է «Հայաստանի կարմիր գիրք» երկհատորյակը, որը ներառում է Հայաստանի կենդանիների և բույսերի կարմիր գրքերը: «Հուսով եմ, որ մեր մեծ բանաստեղծի ծննդյան օրվա շրջանակներում կազմակերպվող այս հրաշալի միջոցառումը, հնարավորություն կտա մեր քաղաքացիներին, հատկապես` երիտասարդներին, վերադառնալու գիրք կարդալու մշակույթին, որովհետև դա այն հիմնական կապիտալն է, որը միշտ արժևորվում է ժամանակի ցանկացած պահին»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարը: Նախարար Արծվիկ Մինասյանը նաև մի քանի գիրք է գնել գրախանութից իր աշխատակիցներին նվիրելու համար: