ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.02.2017
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած 2016 թվականի երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել տարվա ընթացքում նշանակալի հաջողությունների հասած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և երիտասարդական հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները: Տեղում կազմակերպված բաց քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` իրականացրած բազմաթիվ բնապահպանական ծրագրերի, մասնավորապես Հայաստանում առաջին էկոտուրիզմի փառատոնի կազմակերպման համար: Հանձնելով մրցանակը հաղթող հասարակական կազմակերպությանը` Խաչիկ Հակոբյանը ողջունել է միջոցառման կազմկերպումը և կարևորել հասարակական կազմակերպությունների դերը բնապահպանական խնդիրների լուծման և, ընդհանրապես, պետականաշինության գործընթացում: Փոխնախարարը նաև բարձր է գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների` մասնավորապես «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությունը: