Փետրվարի 7-ին բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ ներկայացուցիչներ, մեդիափորձագետներ: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից ներկայացվել են ծրագրեր, որոնց կիրառմամբ բնապահպանական բազմաթիվ հարցեր կարելի է լուծել: Անդրադարձ է եղել, մասնավորապես, կենսապլաստիկների արտադրությանը, որոնք կարող են կիրառում գտնել կենցաղում, սննդի, կոսմետիկայի, դեղագործության և շատ այլ ոլորտներում՝ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն: Կենսապլաստիկ տոպրակները ստացվում են բնական և վերականգնվող նյութից, որպես հումք առաջարկվում է կարտոֆիլի կեղևը, արտադրությունը գրեթե առանց թափոնների է և բնության համար անվտանգ: Ներկայացվել են նաև անօդաչու սարքերի միջոցով անտառների վերականգնման և բույսերի միջոցով աղտոտված հողերի մաքրման /ֆիտոռեմեդացիա/ ծրագրերը: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը նշել է, որ ներկայացված ծրագրերը գաղափարներ են, որոնք համապատասխան հաշվարկային գործընթաց պետք է անցնեն: «Ներկայացված գաղափարներն արդեն առաջադեմ մոտեցումներ են, որոնք կարող են լուրջ առաջընթաց արձանագրել բնապահպանական ոլորտում», -իր հերթին նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Համաձայնություն է ձեռք բերվել ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև Համագործակցության հուշագրի ստորագրման համար, ինչը հնարավորություն կտա աջակցելու կազմակերպությանը շարունակել աշխատանքը` գաղափարը գիտականորեն հիմնավորված մակարդակի բերելու և այն առևտրայնացնելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցող «AIRES» ընկերության փորձագետները անդրադարձել են քաղաքացիական հասարակության և նախարարության միջև կապուղիների, հեռահար մոնիթորինգի, տեղեկատվության տեսանկարահանման և դրա ներկայացման կարողությունների ընդլայնման հնարավորություններին: Կարևորելով ներկայացված ծրագրերը մասնակիցները պայմանավորվել են շարունակել նմանատիպ հանդիպումները: Նախարարի առաջարկով նախատեսվում է առաջիկայում ստեղծել նաև ՀՀ բնապահպանության նախարարին կից ՏՏ ընկերությունների խորհուրդ, ուր առավել լայն մասշտաբով կքննարկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և բնապահպանության ոլորտում նորարարական լուծումների ներդրման հարցերը, ինչն էլ հնարավորություն կտա բիզնես-առաջարկները Դոնորների խորհրդին ներկայացնելու՝աջակցություն ստանալու և գաղափարները կյանքի կոչելու համար: