ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքի և ընդլայնվող համագործակցության համար: Ջեոֆ Ջիակոմինին գոհունակություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ Կովկասի բնության հիմնադրամը նախատեսում է առավել մեծ օժանդակություն հատկացնել 2017 թվականի ծրագրերի իրականացման համար: Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է 2016 թվականին CNF-ի իրականացրած աշխատանքները, անդրադարձ է եղել CNF-ի կողմից կատարված ուղղակի ներդրումներին, որոնց միջոցով ծրագրեր են իրականացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերում, «Գնիշիկ» պահպանվող տարածքում և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Ներկայացվել են խորհրդատվական աշխատանքները կառավարման պլանների, կենսաբազմազանության ուսումնասիրության և մոնիթորինգի, էկոտուրիզմի զարգացման և մի շարք այլ գործընթացներում: Ընթացիկ տարվա համար CNF-ը նախատեսում է առավել մեծ թափով շարունակել օժանդակությունը` ներառելով մի շարք բնապահպանական ծրագրեր ևս,մասնավորապես, խոսվել է «Քարերի սինֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների ընթացքի, Դիլիջանում ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման, ակվապոնիկ ջերմոցների, Դիլիջանում «Տրանսկովկասյան արահետ»-ի ստեղծման ծրագրերի մասին: Արծվիկ Մինասյանը ողջունել է CNF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև փոխգործակցության սերտացումն ու համագործակցության ընդլայնումը, վստահություն հայտնել, որ հրապարակային և թափանցիկ աշխատանքը, պատասխանատվությունն ու նպատակայնությունը կլինեն առաջնորդող բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նախատեսվող ծրագրերին, կարևորվել՝ պետություն-համայնքներ-մասնավոր հատված փոխգործակցությունը: