Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի անդամների և հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանի հետագա քայլերը և այլ պետությունների հետ համատեղ աշխատանքը` Փարիզյան կլիմայական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպման նպատակն է բարձրացնել գերատեսչությունների և այլ շահառուների ընդհանուր իրազեկությունն այն հարցի շուրջ, թե ինչ հնարավորություններ է ընձեռում և, միաժամանակ, մարտահրավերներ առաջադրում Փարիզյան համաձայնագրի իրականացումը Հայաստանի տնտեսությանն ու հասարակությանը: Միջոցառմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների և գործողությունների համակարգման այն տարբերակները, որոնք կերաշխավորեն երկրի զարգացման` ցածր արտանետումների և կլիմակայունության ուղով ընթացքը: Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա` նկատի ունենալով կլիմայական համակարգի վրա ներգործելու և կլիմայի փոփոխությունը զսպելու աշխարհի բոլոր մարդկանց իրավահավասարությունը: «Ելնելով այդ սկզբունքից` Հայաստանը պատրաստակամություն է հայտնում սահմանափակել ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը 2015-2050թթ. ժամանակահատվածում 633 միլիոն տոննայով, իսկ 2050թ-ին աստիճանաբար հասնել ջերմոցային գազերի «չեզոք արտանետումների»` տարեկան մոտ 7 միլիոն տոննա, իհարկե, մեզ համարժեք միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական ու կարողությունների ամրապնդման աջակցության ապահովման դեպքում: Այդ միջոցառումներն ու գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական և տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- շեշտել է նախարարը: Ողջույնի խոսք է հղել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով նշել է Փարիզի համաձայնագրի կարևորությունը, ԵՄ-ի և Հայաստանի միջև կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացի ոլորտում համագործակցության ընդլայնումը և արդյունավետ քննարկում մաղթել նիստի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում «Կլիմա Արևելք» ծրագրի միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են Փարիզյան համաձայնագրի իրականացման հիմնական դրույթներն ու գործողությունների ռեժիմը: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ դիրքորոշմանը, Փարիզյան համաձայնագրի դրույթների ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմներին: Շեշտվել է է կլիմայի փոփոխության հարցերով կրթական դասընթացների և իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Տեղեկանք 1992թ.-ին, երբ միջկառավարական բանակցությունների արդյունքում ընդունվեց “Կլիմայի փոփոխության մասին” ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (Հայաստանը վավերացրել է 1993թ.-ի մայիսի 14-ին), ենթադրվում էր, որ միայն արդյունաբերական զարգացած երկրների ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցով հնարավոր կլինի զսպել կլիմայի փոփոխությունն այնպես, որ Երկրի էկոհամակարգերն ու տնտեսությունը հասցնեն հարմարվել այդ փոփոխությանը: Այդ ենթադրությունների արդյունքում ընդունվեց Կիոտոյի Արձանագրությունը, որով սահմանվեցին ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ` միայն 39 արդյունաբերական զարգացած երկրների նկատմամբ (ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2002թ.-ին): Սակայն կլիմայի փոփոխության հետագա ընթացքը ցույց տվեց, որ միայն զարգացած երկրների կողմից արտանետումների կրճատման պարտավորությունների ստանձնումը բավարար չէ և փորձ կատարվեց այդ համաշխարհային գործընթացում ընդգրկել նաև զարգացող երկրները: 2015թ.-ին Կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում որոշվեց ընդունել միջազգային իրավական ուժ ունեցող համաձայնագիր` կլիմայի փոփոխությունը գիտականորեն հիմնավորված սահմաններում զսպելու համար: Որոշվեց թույլ չտալ, որ մթնոլորտի գլոբալ տաքացումը գերազանցի 2°C-ն համեմատած նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի հետ (ներկայում այդ ջերմաստիճանի բարձրացումը հասել է 0.85°C):