Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարը: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների հաշվառում և արձանագրվել սիգի պաշարների 38,9 տոկոս աճ, վեր հանվել իշխանի բնական վերարտադրության ուղղությամբ առկա խոչընդոտները: Նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է նաև էկոտուրիզմի տեղեկատավական կենտրոն, որն ամփոփում է ոլորտի հնարավորություններն ու դրանք տրամադրում զբոսաշրջային օպերատորներին: Ներդրվել է Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների կառավարման ավտոմատ համակարգ, ստեղծվել են «Կանաչ» տնտեսության ազգային կենտրոնը, Ջերմուկ ազգային պարկը: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները ևս նախորդ տարվա ընթացքում շարունակվել են, ներկայում մաքրված տարածքների մակերեսը կազմում է 93 հազար հեկտար: 2016-ի ընթացքում իրականացվել են նաև 70 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ: Նախարարը զեկուցել է նաև, որ աշխատանքներ են տարվում ազգային պարկերի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների համապատասխան հատվածները հավատարմագրային կառավարման հանձնելու ուղղությամբ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հետևողական քայլեր իրականացնել բնապահպանության ոլորտի գործունեությունը կապիտալիզացնելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: