ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2017
ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հունվարի 27-ին անցկացրել է սահմանված կարգով գրանցված քաղաքացիների ընդունելությունը: Քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանելու և առաջարկները քննարկելու նպատակով ընդունելությանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը ներկայացած ոլորտի մասնագետ-գիտնականները ներկայացրել են գիտական մոտեցումներ բնապահպանական տարբեր հարցերի լուծման նպատակով: Խաչիկ Հակոբյանը, լսելով հնչած մոտեցումները և պարզաբանումներ ստանալով որոշ հարցադրումների վերաբերյալ, առաջարկել է արդեն փետրվար ամսին կազմակերպել մասնագիտական քննարկում` շահագրգիռ կողմերի և պատասխանատուների մասնակցությամբ: Հանդիպում հայցած ՓՀԷԿ-երի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակներին վերաբերող հարցեր, որոնց վերջնական լուծում տալու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ քննարկում: Մի քանի քաղաքացիներ դիմել են ՀՀ բնապահպանության նախարարությունում աշխատանքի անցնելու խնդրանքով: Վերջիններիս տեղեկացվել է, որ նախարարության աշխատակազմում աշխատանքի կարելի է ընդունվել ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքին համաձայն և ներկայացվել է մրցույթներին մասնակցելու կարգը, ինչպես նաև թափուր պաշտոնների մասին ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կայքերում պարբերաբար հրապարակվող տեղեկատվությանը հետևելու անհրաժեշտությունը: