ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.01.2017
ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպում է ունեցել Գերմանական վերակառուցման բանկի /KFW/ պատվիրակության հետ

Հունվարի 25-ին ՀՀ  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է  Գերմանական վերակառուցման բանկի /KFW/-ի տնօրեն Եվա Վիտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է  հայտնել բազմաթիվ իրականացված ծրագրերի և համագործակցության շարունակականության համար:Անդրադառնալով համատեղ իրականացված նախագծերին՝ Արծվիկ Մինասյանը համառոտ ներկայացրել է դրանցից մի քանիսը` հիշատակելով   «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում»ծրագրի մասին, որի արդյունքը Արփի լճի և Վրաստանին և Թուրքիային հարակից սահմանամերձ տարածքում ազգային պարկի ստեղծումն էր: Կարևոր նախաձեռնություններից մեկն Անդրսահմանային միացյալ քարտուղարության ստեղծումն էր:Նախարարը ներկայացրել է Կովկասի բնության հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել նաև առաջիկա նախագծերի մասին: Անդրադարձ է եղել  «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում»ծրագրին: Արծվիկ Մինասյանը նշել է , որ Գերմանական վերակառուցման բանկի աջակցությունը ծրագրով նախատեսված մոնիթորինգի իրականացման և վերահսկողության ավտոմատ համակարգի ներդրման գործընթացներում էապես կնպաստի նախագծի իրականացմանը: Տիկին Եվա Վիտը շնորհակալություն է հայտնել հանդիպման և  մի շարք հարցերի քննարկման հնարավորության համար: Գոհունակություն հայտնելով իրականացվող աշխատանքներիի վերաբերյալ` Գերմանական վերակառուցման բանկի տնօրենը նաև տեղեկացրել է , որ վերոհիշյալ՝  «Արարատյան դաշտավայրում կենտրոնացված ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարում»ծրագրին ֆինանսական օժանդակությունը հաստատվել է և ֆինանսավորումն իրականացվելու է   «Շիրակի և Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա ջրատար հորիզոնի համակարգերը կապող ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարից Արարատյան դաշտ ջուր տեղափոխելու համար հնարավորությունների ուսումնասիրության կոնցեպտուալ նախագիծ»դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ որպես ծրագրի երրորդ բաղադրիչ: Դրամաշնորհի գումարը կկազմի 1,3 մլն եվրո: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև  մի շարք այլ հարցերի, այդ թվում, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմների կիրառման գործընթացին, էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին: Հանդիպման ավարտին կողմերը, եվս մեկ անգամ, կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը: Արծվիկ Մինասյանը հավաստել է,որ աշխատանքները տարվելու են առավել ակտիվ՝ նոր մոտեցումներ ու գաղափարներ առաջադրելով: