ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2016
Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ տեղի են ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության հիմնադրման 30 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Միջոցառումների մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս Արծվիկ Մինասյանի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի, հիմք ընդունելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, ստորագրել են ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջեվ համագործակցության» հուշագիրը: Ողջունելով ներկաներին` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստած նախարարության նախկին աշխատակիցներին, պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իսկ ներկայում աշխատող նախարարության աշխատակազմին` կոչ արել բազմապատկել եռանդը բնապահպանական խնդիրների լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` ի շահ և բարօրություն մեր ժողովրդի և Երկրի: Նախարարը իր խոսքում նշել է,-«Բնապահպանությունը մեր երկրի և պետության համար այն կենսական ոլորտն է, որտեղ խաչվում են ներկայի և ապագայի, ազգային հարստության, տնտեսության զարգացման և բնության ռեսուրսների պահպանման և վերարտադրության և առհասարակ՝ մեր լինելիության, նաև՝ ազգային անվտանգության հիմնարար հարցերը: Այս խաչմերուկում կանգնած մենք կրկին վերահաստատում ենք, որ երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանությունն է, վերականգնումն ու առաջընթացի ապահովումը, նոր սերունդների նկատմամբ պատասխանատվության լիարժեք ստանձնումը: Ճիշտ այնպես, ինչպես բնությունն է հավասարակշռություն, այնպես էլ նրա հետ կապված ամեն ինչ պետք է լինի հավասարակշռության և ոսկե միջինի օրենքների սահմաններում: Մեր տնտեսական նախաձեռնությունները ոչ մի պայմանով չպետք է հակադրվեն բնապահպանականին, բնությունից ստացած արժեքը պետք է բազմապատկել տնտեսական նորանոր նախաձեռնություններով և ապա՝ կյանքի կոչել «Այն, ինչ վերցրել ենք բնությունից, պետք է վերադարձվի բնությանը» հիմնադրույթի անխափան կիրառումը: «Կանաչ էկոնոմիկա» կոնցեպտն այսօր մեծ հաջողությամբ կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում և ոչինչ մեզ չի խանգարում շարժվել հենց այդ ուղղությամբ: Մենք խորապես համոզված ենք, որ մեր երկրում շատ բան կարող է այլ կերպ լինել, եթե փոխվի վերաբերմունքը կենսառեսուրսների արժեքների հանդեպ, որոնց երբեմն ոչ համարժեք լինելը բացի այն, որ ակամայից տեղ են բացում կոռուպցիոն ռիսկերի համար, այլև բնությունը շահագործողներին դնում են արտոնյալ ու անպատասխանատու վիճակներում: Իսկ այս նպատակին կարելի է հասնել Բնապահպանական ապահովագրական համակարգ ներդնելով, ինչի ստեղծմանը Նախարարությունը ձեռնամուխ կլինի արդեն 2017 թվականից: Մենք ձգտելու ենք նրան, որ երկրում գործի մեկ պատուհանից արտոնագրերի տրման սկզբունքը, և ձգտելով բնապահպանական փորձաքննությունը մոտեցնել միջազգային չափանիշներին, շեշտակիորեն բարձրացնելու ենք նրա դերն ու նշանակությունը: 2017թ. մեր նախարարության համար լինելու է ծանրաբեռնված աշխատանքի տարի: Միանգամայն նոր մոտեցումներով տեր ենք կանգնելու բնության հուշարձաններին, այդ գործում ներգրավելով նաև մասնավոր ոլորտը, արվելու է ամեն ինչ, որպեսզի զգալիորեն ավելանան ձկան պաշարները Սևանա լճում, ձգտելու ենք, որպեսզի ձկան որսը իրականացվի բացառապես օրենքի ու խոհեմության սահմաններում, ուշի ուշով հետևելու ենք ՀԷԿ –երի և հանքերի շահագործման օրինականությանը, գործադրելու ենք ջանքեր՝ հողերի անապատացումը կանխելու և նվազեցնելու ուղղությամբ, չենք հանդուրժելու անտառը ոչնչացնողներին և շրջակա միջավայրն ապականողներին և իրականացնելու ենք օրենքով սահմանված այն բոլոր գործառույթները, որը մեկ բառով կարող ենք կոչել նաև պետական վերբերմունք՝ մեր ազգային հարստությունների հանդեպ, որով էլ պայմանավորված կլինի մեր քաղաքակրթական դիմանկարը ժամանակակից աշխարհում»: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության 30-ամյակի կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել ՀՀ բնապահպանության նախկին նախարարներ Վռամ Թևոսյանը, Սարգիս Շահազիզյանը, Գևորգ Վարդանյանը, Մուրադ Մուրադյանը, Վարդան Այվազյանը: «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել նաև «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Աշոտ Սիմոնյանը: ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով: