ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.12.2016
Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստը՝ օրակարգում ունենալով երկու հարց. «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենու անտառմշակույթներում խնամքի հատումների իրականացման անհրաժեշտության հիմնավորում և Գիտատեխնիկական խորհրդի 2017 թվականի օրակարգի ձևավորում:Անդրադառնալով «Սևան» ազգային պարկի տարածքում սոճենու անտառմշակույթներում խնամքի հատումների իրականացման անհրաժեշտությանը՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը հատկանշել է, որ վերջին 25 տարիներին սոճու անտառտնկարկների տարածքներում խնամքի միջոցառումներ չեն իրականացվել, բնական սերմնային վերաճը բացակայում է: Ժամանակին խնամքի հատումներ իրականացված կամ ինքնանոսրացված առանձին տարածքներում առկա են 10 սմ-ից մինչև 1,5 մետր բարձրության կովկասյան սոճենու հուսալի մատղաշներ, որոնք բնական տնկարանի դեր կարող են կատարել և անհրաժեշտ է իրականացնել մատղաշի խնամքի ու նոսրացման աշխատանքներ: Սոճենու անտառատնկարկներում նոսրացման և սանիտարական մաքրման միջոցառումների իրականացումը կարևորվում է նաև հրդեհների հնարավոր բռնկման և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման արդյունավետության տեսանկյունից: Կարևորվել է ճահճացած տարածքներում մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը:Քննարկվել են աշխատանքների իրականացման հնարավոր տարբերակներն ու ժամկետները, նշվել է նախատեսվող միջոցառումներում մասնավորի հետ համատեղ աշխատանքը:Անդրադարձ է եղել միջազգային նմանատիպ փորձին: Խորհրդի անդամներին են ներկայացվել 2017 թվականի օրակարգում մի շարք առաջարկությունների ընդգրկման հարցերը, մասնավորապես, Սևանա լճում ցանցավանդակային տնտեսությունների ազդեցությունը լիմնոհամակարգի վրա և նրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև Սևանա լճի կենսառեսուրսների ներկա վիճակն ու արդյունավետ կառավարման ուղիները: