ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.12.2016
ՀՀ բնապահպանության նախարարությունը օպերատիվ արձագանքել է <<Թեժ գծով>> ստացված ահազանգերին

ՀՀ բնապահպանության նախարարության <<Թեժ գծով>> ստացված վերջին դիմում-բողոքների վերաբերյալ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները օպերատիվ կարգով արձագանքել են և ձեռնարկել համապատասխան միջոցներ: ՀՀ Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչների կողմից ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանին ուղղված` համայնքում ապօրինի հատված ծառերի վերաբերյալ ահազանգով Բնապահպանական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի տեսչական խումբը տեղում կատարել է ուսումնասիրություններ, արձանագրել ապօրինի հատված ծառերի կոճղեր, որի հիման վրա կատարվել է բնությանը պատճառված վնասի հաշվարկ: Այն կազմել է 363,540 դրամ: Կատարված հաշվարկը հանձնվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին` իրավախախտում թույլ տված անձանց հայտնաբերելու և համար: Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակիչների կողմից ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի և Նոր-Նորքի 9-րդ զանգվածի մոտակա ձորակում տեղակայված ,,Անկոլո,, ՍՊԸ-ի սպասարկման տակ գտնվող աղբավայրի արտանետումների վերաբերյալ ահազանգով Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ստուգայց են իրականացրել: Աղբավայրում պարբերաբար տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչը կանխելու համար ընկերությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը և հրդեհների կանխարգելման միջոցառումներ ձեռնարկել: Բնակիչների կողմից բարձրացված գարշահոտության խնդիրն առողջապահական հիմնահարց է և դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակից: 2014թ. ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականի հիման վրա ընկերությունում կատարվել էր բնապահպանական ստուգում, որի արդյունքում ՀՀ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> օրենքի 3-րդ հոդվածի պահանջի խախտման համար վերջինս ենթարկվել է 100.0 հազ. դրամի վարչական տույժի և կայացվել է վնասի հատուցման որոշում 200,0 հազ. դրամի չափով, ինչպես նաև հանձնարարվել է կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-65 եզրակացության փորձաքննական պահանջները՝ աղբավայրում անձրևաջրերի և ջրվածքների հավաքման ու հեռացման կառույցների տեղադրումը: Երևան քաղաքի Թումանյան 26-Ա հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկից մթնոլորտային արտանետումների վերաբերյալ ստացվել էր ահազանգ: Տեղազննումից և ուսումնասիրությունից պարզվել է, որ տվյալ տարածքում գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր, ում հանձնարարվել է դադարեցնել աշխատանքները և արտանետումների խողովակը բարձրացնել շենքի տանիքից վեր: