Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ հերթական աշխատանքային քննարկում-խորհրդակցությունն է կայացել բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում` նախորդ քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակիցներին ներկայացվել է երկու ծրագիր: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը / GIZ/ / «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ներդրվել էր «eCognition» ծրագիրը, որը հաջողությամբ արդեն իրականացվում է « Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել դիտարկումներ, հետազոտություններ անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման և կանխատեսման ուղղությամբ: Համակարգը աերոտիեզերական պատկերների միջոցով հնարավորություն է տալիս կատարել վերլուծություններ ըստ մշակված ցուցիչների, օրինակ` դասակարգել անտառներն ըստ ծառերի խտության ու ծառատեսակների, կատարել անտառների սանիտարական վիճակի դիտարկում և այլն: Ներկայացվել է նաև «Synergy» ընկերության կողմից մշակված Պերուի անտառների պահպանման և վերահսկողության ծրագիրը, որը ներկայում կիրառման մեկնարկային փուլում է: