Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը` Օրհուսի կոնվենցիայի համատեքստում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, պետական և գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Էկոկրթության համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության մշակումը, ինչն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ: Ռազմավարության շրջանակներում մշակվելու է ոլորտի կարգավորման նոր մոտեցումներ և մեխանիզմներ: Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով էկոկրթության զարգացմանն ուղղված միջոցառումները, որպես բնապահպանական խնդիրների լուծման կարևոր միջոց, շեշտել է դրանց համակարգային մոտեցման առաջնայնությունը: Բնապահպանության նախարարը շեշտել է տարբեր ոլորտների խնդիրներին էկոհամակարգային լուծումներ տալու անհրաժեշտությունը և այդ գործընթացում կարևորել էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը. որպես բնապահպանական մտածողության և աշխարհայացքի հիմք: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը կարևորել է բնապահպանության ոլորտի, մասնավորապես էկոկրթության զարգացման գործընթացում պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համարգործակցությունը, ներկայացրել այդ ուղղությամբ իր ղեկավարած գրասենյակի իրականացրած ծավալուն աշխատանքը: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը իր ելույթում նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի մատաղ սերնդի դաստիարակությանը: Պատգամավորը իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել բնապահպանական և մասնավորապես էկոկրթական խնդիրների լուծման աշխատանքների շրջանակներում: ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն, առաջնային համարելով համագործակցված աշխատանքը, ներկաների ուշադրությունը հրավիրել է, ոչ ֆորմալ կրթության զարգացման խնդիրներին: ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած նոր ռազմավարության մշակմամբ, հստակ և ամբողջական կսահմանվեն ոչ միայն նպատակներն ու իրականացվելիք գործողությունները, այլև դրանց կատարողական ցուցանիշները, հաշվետվողականությունը և չափելիությունը` ինչը կնպաստի մշակվող մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացմանը: Աշխատաժողովին ոլորտի մասնագետները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են էկոկրթության ներկա վիճակը, առկա բացերը, նախանշել` զարգացման հնարավոր մեխանիզմները: Քննարկումների ժամանակ մատուցվել են ոչ ֆորմալ էկոկրթության ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, հնչել են ոլորտում առկա խնդիրների համալիր լուծումների առաջարկներ: Տեղեկանք Էկոկրթական խնդիրներին համալիր լուծում տալու նպատակով, նախկին խորհրդային պետություններից առաջինը 2001թ-ին Հայաստանը ընդունել է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքը: 2009 թվականին ՀՀ կառավարության թիվ 47 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը: Մեկ տարի անց հաստատվել է հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որի շրջանակներում կրթության ոլորտի լիազոր մարմնի` կրթության և գիտության նախարարության հետ իրականցվել են մի շարք միջոցառումներ: ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկվել է Էկոլոգիական կրթության և դաստիարկության զարգացման ռազմավարության մշակման հարցը: