ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2016
ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների շաբաթվա ընթացքում իրականացրած միջոցառումները

Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված միջոցառումներ ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» հրամանի համաձայն` <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցերը մեծ և փոքր Սևանների ջրային տարածքներում` ապօրինի տեղադրված ցանցերի հայտնաբերման և առգրավման նպատակով: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի վրա կատարած շրջայցերի ժամանակ կազմվել է մեկ արձանագրություն. առգրավվել 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և 215 հատ սիգ տեսակի ձուկ, ինչպես նաև շրջայցեր են իրականացվել Սևանա լճի ցամաքային տարածքներում, որի ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն, առգրավվել մեկ ռետինե նավակ և երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց: "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են շուրջօրյա շրջայցերը` անտառխախտման դեպքերի հայտնաբերման նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարության "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի աշխատակիցները շաբաթվա ընթացքում Դիլիջան քաղաքի բնակչությանն են տրամադրել` քամատապալ, հողմատապալ ծառերի փայտանյութից առաջացած 27 մ³ վառելապայտ: Ազգային պարկի աշխատակիցների կողմից` շուրջորյա հերթապահության (շրջայցերի) ժամանակ հայտնաբերվել է մեկ անտառխախտման դեպք (ապօրինի 8 ծառահատում) կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին և Դիլիջանի ոստիկանության բաժին: Ջրային ռեսուրսների ոլորտ Շարունակվում են Արարատյան դաշտում խորքային հորերի ուսումնասիրման, փականային ռեժիմի բերման և լուծարման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարության <<Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են մշտադիտարկումներ ստորջրյա ցանցի 128 ջրաղբյուրի ծախսի, ջերմաստիճանի և մակարդակի վրա և հանքային ջրերի 8 տնտեսություններում: Կատարվել են բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային ծախսաչափերով ստուգողական չափումներ ազգային ցանցի 45 դիտակետերում, քաղցրահամ ջրերի հատուկ ցանցի 11 ձկնաբուծական տնտեսություններում: 2016թ. դեկտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության իրականացրած միջոցառումների շնորհիվ` մասնավորապես ՀՀ Արարատի մարզի Ռանչպար և Սայաթ-Նովա համայնքներում, "Յունիֆիշ" ՍՊԸ-ի տարածքում իրականացված խորքային հորերի փականային ռեժիմի բերման արդյունքում խնայվել է 2367.0լ/վրկ ջուր: Հողեր, ընդերք ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունն իրականացրել է շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների դրամագլխի տվյալների բազայի թարմացում: Ներբեռնվել են նոր տվյալներ ընդերքօգտագործողների կողմից կատարված վճարների վերաբերյալ, ինչը նպաստում է բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացմանը: Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության մասնագետները մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից կազմակերպված «Էրոզիայի ռիսկերի և արոտավայրերի գնահատման մոդել» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հողերի էռոզիոն ռիսկերի, արոտավայրերի կարգավիճակի գնահատման ընթացքում տարածքային քարտեզագրման հեռահար զոնդավորման մեթոդի կիրառման հեռանկարները: Ծրագրի ազգային փորձագետների կողմից ներկայացվել են Սիսիանի տարածաշրջանի և Արագած լեռան պիլոտային տարածքներում արոտավայրերի մարդածին և բնական դեգրադացիայի պրոցեսների մշտադիտարկման խնդիրները, դրանց կարգավորման նպատակով արոտօգտագործողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության շրջանակները: Էկոկրթություն Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ‹‹Հայաստանի բնության պետական թանգարան›› ՊՈԱԿ-ի կողմից սպասարկվել են 172 այցելու և անցկացվել է 7 էքսկուրսիա, որի ընթացքում տարբեր տարիքի այցելուներին ներկայացվել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող թանգարանային նմուշներ, մատուցվել համապատասխան տեղեկատվություն։