ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են շուրջօրյա ստուգայցեր ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջան քաղաքի բնակչությանն են տրամադրել` քամատապալ, հողմատապալ ծառերի փայտանյութից առաջացած 48 մ3 վառելապայտ: Աշխատակիցների կողմից` շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք "ապօրինի 3 ծառահատում և մեկ որսագողություն", կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին և Դիլիջանի ոստիկանության բաժին: "Զանգեզուր" կենսոլորտային համալիր" ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատակիցների կողմից, մասնավորապես` "Շիկահող" պետական արգելոցի և "Արևիկ" ազգային պարկի տարածքներում կազմակերպվել են շուրջօրյա ստուգայցեր ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: "Զանգեզուր" կենսոլորտային համալիր" ՊՈԱԿ-ի տարածքում հանդիպող հազվագյուտ և անհետացող կենդանիների և բույսերի պահպանության և նշանակության վերաբերյալ տեղեկատվություն է տրվել հարակից շրջանների բնակիչներին` իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով: Ուսումնասիրվել է նաև սեզոնային փոփոխությունների ազդեցությունը վայրի կենդանատեսակների և բուսատեսակների վրա: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից շարունակվում են շուրջօրյա հերթապահությունները, իրականացվում են պարբերական շրջայցեր մեծ և փոքր Սևանների ջրային տարածքներում` ապօրինի տեղադրված ցանցերի հայտնաբերման և առգրավման նպատակով: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ Սևանա լճի վրա կատարած շրջայցերի ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն. առգրավվել է 15 պոլիէթիլենային ձկնորսական ցանց և 256 հատ "սիգ" տեսակի ձուկ, ինչպես նաև շրջայցեր են իրականացվել Սևանա լճի ցամաքային տարածքներում, որի ընթացքում կազմվել է ևս մեկ արձանագրություն, առգրավվել է ռետինե նավակ և երկու պոլիէթիլենային ձկնորսական ցանց: