ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի չորս պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու և ՀՀ կառավարության մի շարք որորշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի առաջարկվում է ՀՀ ԲՆ նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել: Արդյունքում կստեղծվի «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Գործադիրը նաև հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին, որի նպատակն իրավական հենքի ստեղծման միջոցով մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարման ապահովումն է: Հայեցակարգում ներկայացվել են այն հիմնական փոփոխությունները, որոնք պետք է ներառել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքում: Առաջարկվող փոփոխությունները դասակարգվել են ըստ մթնոլորտային օդի որակի գնահատման, անշարժ և շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման, արտանետումների հաշվառման: ՀՀ բնապահպանության նախարարին կառավարության ղեկավարը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարար Մինասյանին հանձնարարել է նաև մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ջրօգտագործման հետ կապված հանձնարարականի կարևորությունը՝ բնապահպանական և այլ խնդիրների տեսանկյունից: