ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2016
Էկոկրթությունը Արարատի մարզում ուշադրության կենտրոնում է

Արարատի քաղաքի 3-րդ հիմնական դպրոցում Արարատի Օրհուս բնապահպանական-տեղեկատավական կենտրոնը նախօրեին անցկացրել է բնապահպանական դասընթաց, որին մասնակցել են կրթօջախի բարձր դասարանի` ավելի քանի 25 աշակերտներ, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության ուսուցչական անձնակազմը: Դասընթացն ընթացել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևով: Դասընթացավարը՝ Արարատի բնապահպանական-տեղեկատվական կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը, ունկնդիրներին ներկայացրել է Օրհուս կոնվենցիայի հիմնադրույթները և Արարատի բնապահպանական հիմնախնդիրները, նաև անդրադարձ է կատարել Արարատ համայնքին մոտ գտնվող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի ներկա վիճակին: Դասընթացի ընթացքում քննարկում է ծավալվել Արարատի մարզի օդային, հողային և մթնոլորտային ավազանի աղտոտվածության, ինչպես նաև կենդանական և թռչնաշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ: Աշակերտները դասընթացավարից հետաքրքրվել են մարզում առկա այլ պահպանվող տարածքների մասին և ստացել սպառիչ պատասխանները: Դասընթացավարը նաև խոսել է անհետացած Գիլի լճի և թռչնաշխարհի` ժամանակին այնտեղ բնակվող ներկայացուցիչների մասին, բացատրել, թե ինչպես ստացվեց, որ այդ տեսակները հետագայում բնակություն հաստատեցին Արմաշի լճերում: Դպրոցի տնօրինությունը համակարգողին առաջարկել է, որ առաջիկա գարնանը մշակվի ծրագիր, որպեսզի երեխաների խումբը թռչնադիտարկում իրականացնի Արմաշի լճերում: Իսկ մինչ այդ Օրհուս բնապահպանական կենտրոնը և ս մեկ դասընթաց կանցկացնի` նվիրված լուսանկարչությանը, որպեսզի երեխաները թռչնադիտակման հետ միաժամանակ լուսանկարներ անեն բնության գրկում: Աշակերտները նաև ցանկություն են հայտնել, որպեսզի հետագա դասընթացների թեմաները նվիրվեն ջրին, աղբին և մթնոլորտային աղտոտվածությանը: Օրհուսի համակարգողը վերջում դպրոցին է նվիրել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) կողմից պատրաստված նվերը, որի մեջ եղել են բնապահպանական քարտեզներ, Որսագողությանը և Հայաստանի բուսական աշխարհին նվիրված գրքույկներ և սկավառակներ: